Բավ է պառակտվել
06-08-2016 09:40

Ռիո-2016. Շքեղ հրավառությամբ մեկնարկեց բացման արարողությունը (լուսանկարներ)

Ռիոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում շքեղ ներկայացումով եւ հրավառությամբ մեկնարկել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Ներկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ սկսվել է գեղարվեստական մասը, որին կհաջորդի մասնակիցների շքերթը:

80 հազար տեղերից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղ դատարկ է: Բրազիլիայի բնակչությունը բացակայությամբ բողոքում է սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում Օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ:

Հայաստանի պատվիրակությունը մասնակիցների շքերթին դուրս կգա 12-րդը: Դրոշակակիրը լողորդ Վահան Մխիթարյանն է: Մասնակիցների շքերթը կբացի օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, կեզրափակի՝ Խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին կմասնակցի 207 պատվիրակություն:

Սպասվում է, որ բացման արարողությունը կտեւի երեք ժամ՝ տեղի ժամանակով 20:00-ից 23:00 (Երեւանի ժամանակով՝ 03:00-06:00): Ներկայացմանը կմասնակցի 35 հազար մարդ, այդ թվում սամբայի 12 դպրոցներ:

Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: