Բավ է պառակտվել
06-08-2016 10:36

Ռիո-2016. Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ազգերի շքերթին (լուսանկարներ)

Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա» ստադիոնում Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը մասնակցեց 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության մասնակիցների շքերթին, որը կոչվում է ազգերի շքերթ: Հայաստանի պատվիրակությանը դրոշակակիր, լողորդ Վահան Մխիթարյանի առաջնորդությամբ 12-րդ մտավ ասպարեզ:

Շքեղ ներկայացումով եւ հրավառությամբ մեկնարկել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը: Ներկաներին ողջունեց Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, գերմանացի Թոմաս Բախը: Հնչեց Բրազիլիայի օրհներգը եւ անցկացվեց գեղարվեստական մասը, որին հաջորդել է մասնակիցների շքերթը:

Այն բացել է օլիմպիական շարժման հիմնադիր Հունաստանը, կեզրափակի՝ Խաղերի կազմակերպիչ Բրազիլիան: Շքերթին կմասնակցի 207 պատվիրակություն: Արարողության ուղիղ հեռարձակմանը հեռուստալսարանն ամբողջ աշխարհում 3 միլիարդ հեռուստադիտող է:

Նշենք, որ 80 հազար տեղերից բրազիլացիներին հատկացված 20 հազար տեղ դատարկ է: Բրազիլիայի բնակչությունը բացակայությամբ բողոքում է սուր տնտեսական ճգնաժամի պայմաններում Օլիմպիական խաղեր անցկացնելու դեմ: Երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի պաշտոնանկությունից հետո երկրի ղեկավարի պաշտոնակատարն է Միշել Տեմերը, որը չի ներկայացվել ստադիոնում, որպեսզի չարժանանա բրազիլացիների սուլոցներին:

Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Հիշեցնենք, որ 1996թ. Ատլանտայի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբիշ Արմեն Նազարյանի նվաճած ոսկե մեդալը անկախ Հայաստանի պատմության մեջ դեռ միակն է: