19-02-2015 14:45

ՀՀ-ն և ԱՄԷ-ն կհամագործակցեն շախմատի ոլորտում

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, գոհունակությամբ նշելով, որ երեկ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմիի հետ ունեցած հանդիպման ժամանակ առիթ է ունեցել հանգամանորեն քննարկելու հայ-էմիրաթական հարաբերություններն ու համագործակցության հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ և անկեղծորեն ուրախ է, որ այսուհետ սպորտի բնագավառը ևս, հատկապես՝ շախմատը, կներառվի փոխգործակցության ոլորտների ցանկում: Սաիդ Ալ Մեիբալը նշել է, թե չափազանց տպավորված է Հայաստանում շախմատի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքով, աշխարհում առաջինը հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման հաջողված փորձով և ընդհանրապես, առանց տարիքային սահմանափակման շախմատ խաղալու մշակույթն ամբողջ երկրում տարածելու աշխատանքով: Արաբական Միացյալ Էմիրությունները, այդ երկրի Շախմատի ֆեդերացիայի նախագահի խոսքով, մեծապես հետաքրքրված է շախմատի ոլորտում Հայաստանի օրինակելի փորձն ուսումնասիրելու և Էմիրություններում ևս կիրառելու հարցում, ավելին՝ իր երկրի գործարարները շահագրգռված են Հայաստանում ներդրումներ անելու նաև շախմատի ոլորտում: Սաիդ Ալ Մեիբալը ոլորտի հաջողությունները պայմանավորել է նաև Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և նրա նախագահի ակտիվ գործունեությամբ: Սերժ Սարգսյանը ողջունել է շախմատի ոլորտում հայ-էմիրաթական համագործակցությունը զարգացնելու Էմիրությունների հետաքրքրվածությունն ու ցանկությունը: Նա պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման գործում: Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տեղի է ունեցել Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի միջև Համագործակցության և փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը: Փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը և Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալը: