Բավ է պառակտվել
24-09-2014 17:04

Քաղաքապետը հանդիպել է հունահռոմեական ըմբշամարտի 2014թ. աշխարհի չեմպիոնների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած հունահռոմեական ըմբշամարտի 2014թ.-ի աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին, Արթուր Ալեքսանյանին և նրանց մարզիչներին:
Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց վերջերս Տաշքենդում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար. «Գաղտնիք չէ, որ մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն են հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների հաղթանակները: Իսկապես մեծ պատիվ է ունենալ Ձեզ նման սպորտսմեններ ու մեծ վարպետներ: Հպարտության զգացումով եմ հետևել ձեր մենամարտերին ու շնորհակալ եմ, որ ձեր շնորհիվ Տաշքենդում ծածանվեց հայկական եռագույնը: Շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ՝ մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ ու օլիմպիական բարձունքներ»,- ընդգծել է քաղաքապետը:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման հարցում իսկապես անչափ կարևոր և պարտավորեցնող է գնահատանքն ու հայ մարզասերների մշտական աջակցությունը. «Ապագա չեմպիոններ ունենալու հարցում, ինչ խոսք, անչափ կարևոր է անհրաժեշտ պայմանների ապահովումն ու մշտական աջակցությունը: Ու, օգտվելով առիթից, ուզում եմ նաև Ձեզ շնորհակալություն հայտնել, պարոն քաղաքապետ, որ հատկապես վերջին տարիներին Ձեր մշտական ուշադրության կենտրոնում եք պահում մայրաքաղաքի մարզադպրոցների արդիականացման խնդիրն ու հստակ քայլերի արդյունքում լիարժեք մարզումների կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ են ստեղծվում մարզադպրոցներում: Մեր կողմից էլ վստահեցնում եմ, որ կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք մեր երկրի պատիվը», - նշել է Լևոն Ջուլֆալակյանը:


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու հայ մարզիկներին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:
Հանդիպման վերջում քաղաքապետն ըմբշամարտի 2014թ. աշխարհի չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանին և Արթուր Ալեքսանյանին նվիրել է Երևան քաղաքի զինանշանով հուշանվեր: