Բավ է պառակտվել
05-02-2018 14:02

ՄՕԿ նախագահը Փհենչհան օլիմպիական ավանում համերաշխության Պատ է բացել

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը հարավկորեական Փհենչհան քաղաքի Օլիմպիական ավանում, որտեղ փետրվարի 9-ին մեկնարկում են ձմեռային Խաղերը, բացել է Համերաշխության պատը:
Բետոնե պատը, որի բարձրությունը երեք մետր է, իսկ երկարությունը՝ վեցուկես մետր, խորհրդանշում է խաղաղություն, պատերազմների դադարեցում՝ ինչն Օլիմպիական խաղերի հնագույն ավանդույթներից է:
Մրցումների ժամանակ, որոնք կընթանան մինչև փետրվարի 25-ը, օլիմպիական ավանում բնակվող մարզիկները կկարողանան Պատի վրա թողնել աշխարհին ուղղված իրենց ուղերձները:
Այս պատմությունն է՛լ ավելի խորհրդանշական է դառնում այն պատճառով, որ առաջիկա Օլիմպիական խաղերում հանդես կգան ատլետներ ԿԺԴՀ-ից: Իսկ հոկեյի կանանց մրցաշարում կխաղա ԿԺԴՀ-ի և Կորեայի Հանրապետության միացյալ հավաքականը:
2018-ի Խաղերի համերաշխության Պատի հեղինակն է տեղացի դիզայներ Լի Չժե Սոկը: