12-03-2016 12:25

Չեմ տեսնում որևէ մեկին, ով կարող է փոխարիներ Լևոն Արոնյանին. Ս. Սարգսյան (տեսանյութ)

Երեկ Մոսկվայում կայացավ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացման արարողութունը: Շուրջ 20 օրից պարզ կդառնա, թե ով կարող է ձեռնոց նետել շախմատի աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: Լևոն Արոնյանի մասնակցությամբ մրցաշարի մեկնարկային պարտիայի առաջին քայլը կատարել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում՝ լրագրողի հետ զրույցում կիսվել է մրցաշարի վերաբերյալ իր առաջին տպավորություններով:
«Ինչպես հայտնի է՝ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն մենք որոշեցինք, որ այս մրցաշարն անցկացվի Մոսկվայում, որտեղ շախմատի պրոպագանդայի համար ավելի լայն հնարավորություն կա, որովհետև այս մրցաշարը մեզ համար կարևոր է ոչ միայն այն առումով, որ Լևոն Արոնյանը կարղ է դառնալ շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ, այլև շախմատի պրոպագանդայի մեծ հնարավորություն է ընձեռում: Ես կարծում ե, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, Ֆիդեն, շատ մեծ ջանքեր են ներդրել, որպեսզի հոյակապ պայմաններ ստեղծեն հավակնորների համար:Կարծում եմ՝ իրոք փայլուն գործ են կատարել: Ես շախմատի մեկնաբան չեմ, սակայն շախմատի մեծ վարպետների կողմից կատարված առաջին քայլերը խոսում են այն մասին, որ մրցաշարը լինելու է շատ լարված, բոլորը շատ զգույշ են խաղում,որովհետև իսկապես շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ են շատ մեծ»:
Խոսելով անձամբ իր ակնկալիքների մասին՝նախագահը շեշտել է. «Ակնհայտ է, որ իմ ցանկությունն այն է, որ Լևոն Արոնյանը հաղթի այս մրցաշարում և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: Դա միայն ցանկություն չէ, այլև օբյեկտիվ գնահատական է, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշարը և կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորությունն է»:
Խոսելով մրցաշարի խորհրդանշական լինելու և ՀՀ անկախության 25 ամյակին նվիված լինելու մասին՝ նախագահ Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ դա ավելի է մեծացնում Լևոն Արոնյանի պատասխանատվության չափը:
«Ընդհանրապես Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ՝դա պատասխանատվության մեծ զգացումն է: Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և բնավ չնսեմացնելով հավաքականի մյուս անդամների դերը, պետք է նշել, որ Լևոնի վաստակն այդ գործում շատ մեծ է: Նա թիմի առաջնորդն է, և բոլորը նայում են, թե գլխավոր տախտակի վրա ով և ինչպես է մրցում: Դա անկասկած տրամադրում է մյուս խաղացողներին և նրանք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի ցուցաբերած արդյունքը: Լևոնի պատասխանատվությունը շատ մեծ է, և միգուցե դա նրան որոշ դեպքերում խանգարել է: Երեկ ես զրույց եմ ունեցել Լևոնի հետ, նշել եմ, որ անշուշտ մենք ցանկանում ենք, որ նա հաղթի, բայց նրա հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակը հայկական շախմատի զարգացման գործում, նա ազատ է իր ստեղծագործույան մեջ, շախմատը հենց ստեղծագործություն է»:

Անդրադառնալով շախմատի Հայաստանի հավաքականի բնական սերնդափոխության և հավաքականում երիտասարդ շախմատիստների ներգրավման անհրաժեշտության մասին՝ նախագահը նշել է. «Պետք է ասեմ, որ այդ խնդիրն այս պահին շատ ակտուալ չէ, որովհետև թե՛ Գաբրիել Սարգսյանը և թե՛ Լևոն Արոնյանը դեռ բավականին երիտասարդ են, և առաջիկայում նրանց փոխարինելու հարց չկա, իսկ առաջատարներից շատ բան է կախված:
Այդուհանդերձ Վլադիմիր Հակոբյանը, ով ևս շատ մեծ վաստակ ունի հավաքականում, արդեն հասել է տարիքային մի սահմանագծի, երբ դժվար է բոլոր մրցաշարերում անընդհատ հաջողության հասնելը: Ընդհանրապես շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան դեռ երբեք չի եղել շախմատի պատմության մեջ, ինչը մեզ ստիպում է մտածել երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ մեծ բարդություներ չկան, քանի որ հավաքականը ձևավորելիս մենք առաջնորդվում ենք հետևյալ չափանիշներով՝ ունես վարկանիշ, ունես որակ, ուրեմն պետք է լինես հավաքականում:
Մեկ բացառություն ունեք, որ հավաքականում 4-ին գումարած՝ ներգրավում ենք նաև Հայաստանի չեմպիոնին, բայց Հայաստանի առաջնությունն այսօր մի այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, և այնտեղ հաղթելն էլ այդքան հեշտ չէ:
Մենք հավաքականը ձևավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, ինչը համոզում է հավաքականի անդամներին, որ այդ գործընթացը հիմնված է արդարության սկզբունքի վրա: Վերջին առաջնությունը ցույց տվեց, որ մենք ունենք արժանի փոխարինող: Իհարկե, չուզենալով վիրավորել որևէ մեկին, ես այսօր չեմ տեսնում որևէ մեկին ով կարող է փոխարիներ Լևոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում, քանի որ մեկ տարի հետո այդ փոխարինողը կարող է ի հայտ գալ: Մենք ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր բացի իրենց որակից պետք է շատ մեծ նվիրում ունենան: Այսօր շախմատը դարձել մի սպորտաձև կամ արվեստի մի տեսակ, ինչպես Ալյոխինն էր ասում,որը պահանջում է տաժանակիր աշխատանք: Այսօր մենք աշխարհում ունենք ամենաշատ թվով գրոսմայստերներ՝ բնակչության թվաքանակի հետ համեմատած: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»: