Բավ է պառակտվել
03-08-2015 08:55

Հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է. ՀՀ Նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն երեկ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Խաղերի բացման առիթով Նախագահը հանդես է եկել ելույթով, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բացման առթիվ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սրտանց ողջունում եմ Համահայկական ամառային վեցերորդ խաղերի բոլոր մասնակիցներին և հյուրերին: Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին բոլորիս անունից ասում եմ՝ բարի գալուստ հայրենիք, բարի գալուստ մայր Հայաստան:
Օլիմպիական շարժումն իրավամբ մեծ և կարևոր առաքելություն է կատարում արդի աշխարհում: Բոլոր երկրները և ժողովուրդները պատիվ են համարում մասնակցել այդ շարժմանը: Օլիմպիական խաղերն էլ, անշուշտ, հիմնված են առողջ մրցակցության, արդար պայքարի և ամենաուժեղի հաղթանակի կանխադրույթի վրա, որտեղ ամենակարևոր սկզբունքը մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը:
Համահայկական խաղերը կազմակերպելիս մեր առաջին նպատակն է եղել ապահովել հնարավորինս մեծ մասնակցություն, որպեսզի սպորտը և առողջ ապրելակերպն առավելագույն տարածում ստանան մեզանում: Ավելին՝ շատ կարևոր է, որ սպորտը մարդկանց համախմբի և մեր աշխարհասփյուռ ժողովրդին միավորող իրողություններից մեկը դառնա:
Սիրելի՛ մարզիկներ,
Վստահ եմ, որ դուք այս կարևոր արժեքները վառ եք պահում ձեր սրտերում: Համահայկական վեցերորդ խաղերին մասնակցելու համար այստեղ ժամանած մարզական խմբերը գալիս են աշխարհի տարբեր երկրներից:
Եկեք նայենք ու տեսնենք, թե ինչ առաջընթաց ենք արձանագրել անցած տասնվեց տարիների ընթացքում: 1999 թվականին տեղի ունեցած առաջին խաղերի համեմատությամբ մեկ երրորդով աճել է մասնակից երկրների թիվը՝ քսաներեքից հասնելով երեսունվեցի: Երկուսուկես անգամ աճել է մասնակից քաղաքների թիվը՝ վաթսուներեքից հասնելով հարյուր յոթանասունհինգի, իսկ խաղերի մասնակիցների թիվն աճել է վեց անգամ՝ հազար հարյուր քառասունմեկից հասնելով վեց հազար երեք հարյուր հիսուներկուսի: Մարզաձևերի քանակը յոթից դարձել է տասնյոթ:
Այստեղ գտնվող շատերը ներկայացնում են սփյուռքում ծնված արդեն չորրորդ կամ հինգերորդ սերունդը: Ձեր մեջ կան մարդիկ, ովքեր առաջին անգամ են տեսնում իրենց հայրենիքը: Կան մարդիկ, ովքեր դժվարությամբ են խոսում հայերեն: Բայց բոլորի հոգում մշտապես Հայաստանն է, իսկ Հայաստանի սիրտն էլ բաց է նրանց համար:

Այստեղ ներկա բոլոր մարդիկ կապված են մեկ ընդհանրությամբ` հայկական ինքնությամբ: Որքան էլ նոր ու լրացուցիչ տարբեր ինքնությունների շերտեր ավելանան, հայությունը, հայ լինելը մեր բոլորի մայր ինքնությունն է: Այդ ինքնությունն է, որ Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներով բնորոշվող այս տարում մեզ կրկնել է տալիս 2015-ի կարգախոսը՝ հիշում ենք և պահանջում:
Սիրելի՛ բարեկամներ,
Այսօր այս հանդիսավոր արարողությանը մասնակցում են մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տարբեր օջախների երիտասարդ սերնդի ներկայացուցիչները:
Դուք այս օրերին այս խաղերի ընթացքում պիտի մրցեք հայերին վայել` ազնիվ ու արդար, իսկական օլիմպիական ոգով: Այս օրերին դուք կգտնեք նոր բարեկամներ, և ձեր այդ ընկերության կրակը վառ կպահեք ձեր ամբողջ կյանքի ընթացքում: Վստահ եմ, որ Համահայկական խաղերի կրակը ձեզ դեռ շատ երկար կուղղորդի:
Շնորհավորում եմ բոլորիս և Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ բացված:
Շնորհակալություն»: