18-08-2016 11:24

Մոտ 4 հազար մարդ արդեն ստորագրել է Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրը

Շուրջ 4 հազար մարդ ստորագրել է հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին աջակցող խնդրագիրը: «Օգոստոսի 16-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչում` սերբ ըմբիշ Դավոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով: Դա խայտառակություն է հունահռոմեական ըմբշամարտի համար։ Ողջ աշխարհը դարձավ այն փաստի վկան, թե, իրականում, ով է չեմպիոնը», - նշվում է խնդրագրում:

Խնդրագրի հեղինակները կոչ են արել միջազգային տարբեր ֆեդերացիաներին, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային վերականգնել արդարությունը:

«Սպորտում գրանցված ցանկացած անարդարություն ստվեր է նետում Օլիմպիական խաղերի վրա: Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պետք է միանան այս խնդրագրին և միջոցներ ձեռնարկեն արդարությունը վերականգնելու ուղղությամբ», - նշվում է փաստաթղթում:

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։