Բավ է պառակտվել
19-05-2016 16:39

Հայաստանն ու Ադրբեջանը ուժերը կչափեն շախմատի «դաշտում»

ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին ինտերնետ-խաղ անցկացնել և «վիրտուալ կամուրջ կառուցել» երկու պետության միջև։ Նա կարծում է, որ կոլեկտիվ շախմատի օգնությամբ կարելի է որոշել ոչ միայն ազգի IQ-ն, այլև «պարզել պետությունների հարաբերությունները»` առանց տանկերի, թնդանոթների ու ինքնաթիռների օգնությանը դիմելու։
Խաղին կարող են մասնակցել Հայաստանի և Ադրբեջանի շախմատասերները։ Կոլեկտիվ շախմատի ծրագիրը ստեղծվել է մի քանի տարի առաջ։
Իլյումժինովը բացատրել է, որ միայն մեկ պարտիա է լինելու։ Ցանկացած շախմատիստ կամ շախմատասեր կկարողանա երկու րոպեի ընթացքում SMS-հաղորդագրություն ուղարկել` ընտրելով շախմատային քայլը, իսկ ՖԻԴԵ-ի ծրագիրը կորոշի, թե որ քայլի համար են ամենից շատ քվեարկել խաղացողները։
«Կազդարարենք խաղի սկիզբը։ Թիմերից մեկը կանի առաջին քայլը։ SMS քվեարկության համար տրվում է երկու րոպե։ Օրինակ՝ մեկ միլիոն մարդ կարող է կատարել Е2-Е4 քայլը, իսկ երկու միլիոնը` D2-D4 քայլը։ Համակարգիչը կընտրի երկրորդ տարբերակը։ Երկու րոպե անց երկրորդ թիմը քվեարկելու է նույն սխեմայով։ Այդպիսով կորոշվի ազգի IQ-ն։ Մենք կհասկանանք, թե որ երկիրն է ավելի լավ խաղում», — ասել է Իլյումժինովը։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հավանություն է տվել ՖԻԴԵ-ի նախագահի առաջարկին։
Մյուս չորեքշաբթի՝ մայիսի 25-ին, Իլյումժինովը կմեկնի Բաքու՝ մասնակցելու Շախմատի միջազգային մրցաշարին, որտեղ ինտերնետ-խաղի անցկացման գաղափարը կքննարկի Ադրբեջանի շախմատային ֆեդերացիայի ղեկավարի հետ։ ՖԻԴԵ-ի ղեկավարի խոսքով` երկու տարի առաջ ինքն այդ առաջարկը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և դրական արձագանք ստացել։
Ինչպես սպասվում է, ինտերնետ-խաղին միլիոնավոր շախմատասերներ կմասնակցեն։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեծ ուշադրություն են դարձնում շախմատային սպորտի զարգացմանը։ ՖԻԴԵ-ի նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցներում «Շախմատը» պարտադիր առարկա է համարվում, իսկ Ադրբեջանում 2008 թվականին շախմատի զարգացման պետական ծրագիր է ընդունվել և բոլոր քաղաքներում ու շրջկենտրոններում շախմատային ակումբներ են բացվել։

«Որքան մեծ լինի շախմատ խաղացողների թիվը, այնքան մեծ կլինի հավանականությունը, որ կոլեկտիվ շախմատի ժամանակ ճիշտ քայլ կարվի», — նշել է Իլյումժինովը։
Հայաստան-Ադրբեջան խաղի ժամանակ Իլյումժինովի խաղաղարար առաքելությունը չի ավարտվի։ Ապագայում ՖԻԴԵ-ն նախատեսում է Ուկրաինա-Ռուսաստան խաղ անցկացնել։ ՖԻԴԵ-ի ղեկավարի ծրագրերը բավականին հավակնոտ են` ֆեդերացիան պատրաստվում է աշխարհի առաջնություն կազմակերպել աշխարհամասերի միջև, որի ժամանակ Աֆրիկան կմրցի Ասիայի, իսկ Եվրոպան՝ Ամերիկայի դեմ։
ՖԻԴԵ-ում ընդգրկված է 187 երկիր։ Ամեն տարի ավելի քան 100 հազար մրցում է անցկացվում։ Ողջ աշխարհում ավելի քան 600 մլն մարդ շախմատ խաղալ գիտի։ Իլյումժինովը ՖԻԴԵ-ի նախագահ դառնալու դեպքում պատրաստվում է այդ թիվը հասցնել 1 միլիարդի: