26-05-2016 08:49

«Արարատ 73»–ին նվիրված արձանախումբը կտեղադրվի «Հրազդան» մարզադաշտում

«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը կտեղադրվի Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում

Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:

Ինչպես հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երևանի «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։

Հիշեցնենք, որ 1973 թվականի հոկտեմբերի 10-ին Մոսկվայի Լենինի անվան կենտրոնական ստադիոնում կայացավ Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» պատմական հանդիպումը, և երևանցիները հաղթեցին 2:1 հաշվով` նվաճելով Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը:
Այդ հանդիպումից օրեր անց Երևանի «Հրազդան» ստադիոնում կայացավ Երևանի «Արարատի» և ռուսական «Զենիթի» հանդիպումը, որում դաշտի տերերը հաղթեցին 3:2 հաշվով՝ նվաճելով նաև Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը: