Բավ է պառակտվել
03-11-2016 16:35

ՀՀ-ի հավաքականի մարզիչը ցանկանում է տեսնել Յուրա Մովսիսյանին հավաքականի կազմում

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հայտարարեց, որ հարձակվող Յուրա Մովսիսյանին կցանկանար տեսնել հավաքականի կազմում, սակայն Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեմ է:

«ՀՖՖ նախագահի հետ մեր բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք Յուրա Մովսիսյանի` հավաքական վերադառնալու հարցը: Անձամբ ես, իհարկե, ցանկանում եմ տեսնել Մովսիսյանին թիմի կազմում, սակայն Հայրապետյանի պատասխանը բոլորդ էլ գիտեք: Ես համաձայնել եմ նրա որոշմանը և կարծում եմ, որ այս թեմայի շուրջ խոսելն այլևս ոչ մի իմաստ չունի», - հայտարարեց Պետրոսյանը: Նա նաև անդրադարձավ պաշտպան Ռոմերտ Արզումանյանի` հավաքականի կազմ վերադառնալու հարցին:

«Այդ թեման մենք ՀՖՖ նախագահի հետ նույնիսկ չենք քննարկել, քանի որ Արզումանյանն անձամբ հայտարարել է հավաքականում կարիերայի ավարտի մասին: Այսինքն, նա լքել է թիմն իր կամքով, ուստի այս հարցը ևս կարելի է փակված համարել», - ընդգծեց Պետրոսյանը:

ՀՖՖ նախագահն իր հերթին նշեց, որ Յուրա Մովսիսյանն իր վարքով մեծ վնաս է հասցնում հավաքականին:

«Նա քանդում է թիմի կարգուկանոնը: Մեզ այդպիսի ֆուտբոլիստ պետք չէ, խնդրում եմ լրագրողներին նրա մասին այլևս չհարցնել», - նշեց Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև նշեց, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչին խաղացողների և ռազմավարության ընտրության հարցում գործողությունների լիարժեք ազատություն է տրվել` բացառությամբ երկու խաղացողի:

«Ես չեմ խառնվի մարզչի գործերին, իհարկե, եթե չտեսնեմ, որ նա սխալ է գործում, քանի որ ամեն դեպքում թիմի ելույթների համար պատասխանատու գլխավոր անձը ես եմ», - ավելացրեց Հայրապետյանը:

Հայաստանի հավաքականը միևնույն խմբում է հայտնվել Ռումինիայի, Լեհաստանի, Դանիայի, Չեռնոգորիայի և Ղազախստայի հավաքականների հետ։

Հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հոկտեմբերի 14–ին հեռացել է իր պաշտոնից հավաքականի չորս անընդմեջ պարտություններից հետո (չեխերի հետ ընկերական հանդիպում` 0։3, 2018 թ.–ի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում դանիացիների հետ հանդիպում` 0։1, ռումինացների հետ հանդիպում` 0։5 և լեհերի հետ հանդիպում` 1։2)։ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը։