Բավ է պառակտվել
14-01-2018 11:04

«ՄՅՈՒ»-ն պատրաստ է Մխիթարյանին տալ «Արսենալին»` Սանչեսի դիմաց

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Արսենալ», եթե լոնդոնյան ակումբը համաձայնվի մանկունիանցիների թիմին հանձնել չիլիացի Ալեքսիս Սանչեսին: Այս մասին հայտնել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Լրագրողը նշում է, որ «ՄՅՈՒ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է կապվել «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերի հետ՝ չիլիացի Ալեքսիս Սանչեսի տրանսֆերի մասին պայմանավորվելու համար, ինչպես նաև հայտնել է, որ Սանչեսի փոխարեն ակումբը պատրաստ է «Արսենալ»-ին տալ Հենրիխ Մխիթարյանին:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն հատնվեց այն մասին, որ Մխիթարյանը կարող է լքել «Օլդ Թրաֆֆորդը», ինչն անուղղակիորեն հաստատել է նաև ինքը՝ Մոուրինյուն, նշելով, որ եթե Մխիթարյանի համար արժանի գին առաջարկվի, ապա վերջինս կարող է լքել թիմը՝ հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Իտալական « Corriere dello Sport» պարբերականն իր հերթին հայտնել է, որ Մխիթարյանը կարող է տեղափոխվել միլանյան «Ինտեր», և դառնալ իտալական թիմի պորտուգալացի կիսապաշտպան Ժոաո Մարիոյի ` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մաս, ում ծառայություններով, ի դեպ, հետաքրքված է ինքը Ժոզե Մոուրինյուն:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը ՄՅՈՒ»-ի կազմում անց է կացրել 22 խաղ, դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Ընդհանուր առմամբ «ՄՅՈՒ»-ի կազմում բոլոր մրցաշարերի 63 խաղում Մխիթարյանը խփել է 13 գոլ: Անգլիական ակումբի հետ հայ խաղացողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը: