06-09-2016 07:15

Մենք հաղթում և պարտվում ենք միասին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Facebook սոցցանցի իր էջում գրառում է կատարել դանիացիների հետ երեկվա խաղի և առաջիկա դերբիին մասնակցելու հնարավորության մասին:

Նախօրեին Հայաստանի հավաքականը Կոպենհագենում պարտվել է Դանիայի թիմին 0:1 հաշվով 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջին խաղում: Մխիթարյանը բաց է թողել այդ խաղը չեխերի հետ օգոստոսի 31-ին կայացած ընկերական հանդիպման ընթացքում ստացած վնասվածքի պատճառով:

«Մենք հաղթում և պարտվում ենք միասին… Շատ հիասթափված եմ, որ բաց եմ թողել Դանիայի հետ երեկվա խաղը, բայց ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին իր ծանր աշխատանքի համար»,- նշել է հայ կիսապաշտպանը:
Նա հայտնել է, որ դեռ վերականգնման փուլում է: «Բայց վստահ չեմ, որ պատրաստ կլինեմ մասնակցել դերբիին»,- ընդգծել է ֆուտբոլիստը:

Սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Յունայթեդն» իր դաշտում կհանդիպի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Մխիթարյանն ընդգծել է, որ մոտիվացված է ինչպես երբեք, և կօգտագործի իր ողջ էներգիան, որ ավելի ուժեղ վերադառնա դաշտ:

«Ամենից շատ սիրում եմ ֆուտբոլը: Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության համար»,- գրել է հայ մարզիկը: