25-05-2017 12:05

Մոուրինյոն մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը

« Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը խոսել է Եվրոպայի Լիգայում իր թիմի տարած հաղթանակի մասին:
Հենրիխ Մխիթարյանի և կենտրոնական կիսապաշտպան Փոլ Պոգբայի շնորհիվ« Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպայի Լիգայի հաղթող է դարձել: Բացի պատվավոր մրցանակից, մրցաշարի հաղթողը նաև Չեմպիոնների Լիգայի ուղեգիր է ստացել:
«Ինձ համար սա կարիերայիս ամենակարևոր մրցանակն է, որովհետև այն վերջինն է: Իհարկե, Չեմպիոնների Լիգան ավելի նշանակալի է, քան Եվրոպայի Լիգան, բայց ո՛չ ինձ համար: Այս հաղթանակը ստիպում է փշաքաղվել: Դա ֆանտաստիկ զգացողություն է»,- ասել է Մոուրինյոն:
Նրա խոսքերով, թիմի համար այս հաղթանակն ամեն ինչ է՝ եվրոպական հաղթանակ, վերադարձ Չեմպիոնների Լիգա, օգոստոսին՝ խաղ Մակեդոնիայում՝ Սուպերգավաթի համար: Ակումբի համար սա նաև փազլի վերջին կտորն է, վերջին մրցանակը, որը չկար:
Ինչպես հայտնում է Telegraf.com.ua-ն, Մոուրինյոն նաև պատմել է, թե իր թիմի համար որքան ծանր էր «Այաքս»-ի հետ Եվրոպայի Լիգայի եզրափակչի խաղին (2:0) հանդես գալը՝ օրերս Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որը խլել է 22 մարդու կյանք:
« Այդ ահավոր շաբաթվանից հետո խաղալը բարդ էր: Երեկ մենք մամուլի ասուլիս չանցկացրեցինք, քանի որ ուզում էինք պատրաստվել մեր աշխատանքին, և փորձել մոռանալ այն ամենը, ինչը դրանից շատ ավելի կարևոր է: Աշխարհը առաջ է գնում, այն կանգ չի առնում: Եվ մենք էլ պետք է մեր գործն անենք»,- ասել է Մոուրինյոն:
Նա համաձայնել է այդ խաղը խաղալու վերաբերյալ ՈՒԵՖԱ-ի որոշման հետ, բայց մանչեսթերյան ողբերգությունը թույլ չի տալիս վայելել հաղթանակի բերկրանքը
« Եթե կարողանայինք, մենք այս գավաթը կփոխեինք այդ մարդկային կյանքերի հետ: Կարո՞ղ է արդյոք այս մրցանակը Մանչեսթերն ավելի երջանիկ դարձնել. Գուցե: Սովորաբար, երբ դուրս էս գալիս նման խաղի, դու պետք է երջանիկ լինես: Բայց այսօր մենք պարզապես մեր գործն էինք անում: Ֆուտբոլիստները կարողացան անջատվել ամեն ինչից և կենտրոնանալ խաղի վրա: Մենք լավ խաղացինք, և հաղթանակի արժանացանք»,- ասաց Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ օրերս « Մանչես Արենա» մարզադաշտում, տեղական ժամանակով ժամը 22:35-ին, փոփ-երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտին պայթյուն էր որոտացել: Պայթուցիկ սարքը գործի էր դրվել մարզադաշտից դուրս: Կատարվածը ահաբեկչական գործողություն է որակվել: Վերջին տվյալների համաձայն պայթյունի զոհ են դարձել 22 մարդ՝ այդ թվում նաև երեխաներ: 59 մարդ վիրավորումներ է ստացել: