06-10-2016 09:08

«Սպարտակը» հրաժարվել է Յուրա Մովսիսյանի ծառայություններից

Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվել է Յուրա Մովսիսյանի ծառայություններից, որին վարձակալությամբ հանձնել էր ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքին»:

Ամերիկյան ակումբի հարձակվող Մովսիսյանը, որի իրավունքները պատկանում են մոսկովյան «Սպարտակին», դեկտեմբերին պետք է վերադառնար «Սպարտակ»: Վարձակալության պայմանագրի ժամկետը սպառվում է դեկտեմբերի 1-ին: Սակայն «Սպարտակի» ղեկավարությունը շահագրգռված չէ, որ Մովսիսյանը վերադառնա և ակումբի ներկայացուցիչներն արդեն իրազեկել են հարձակվողին, որ նա նոր թիմի որոնումներ սկսի: «Ակումբի մարզչական շտաբը չի դիտարկում Մովսիսյանին որպես հարձակման գծի հզորացում»,-ասել է աղբյուրը մոսկովյան ակումբում:

Նա հավելել է, որ չնայած «Սպարտակը» հարձակվողների պակաս ունի, ակումբի տնօրենների խորհրդի անդամներից ոմանք դեմ են, որ Մովսիսյանը շարունակի կարիերան «Սպարտակում»: Առաջին հերթին դա կապված է ֆուտբոլիստի աշխատավարձի հետ, որն, ըստ ղեկավարության, չի համապատասխանում նրա պրոֆեսիոնալ որակներին և ուռճացված է:

Նա ասել է նաև, որ այսօր իրավիճակն այնպիսին է, որ եթե նույնիսկ Մովսիսյանը նոր թիմ չգտնի իր համար, ապա «Սպարտակում», հավանաբար, նստելու է պահուստայինների նստարանին կամ հանդես է գալու երկրորդ թիմի կազմում:

«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2019-ի կեսը:

Ըստ պայմանագրի, որը երկարացվել է 2015-ին ակումբի այն ժամանակվա տնօրեն Ռոման Ասխաբաձեի կողմից, Մովսիսյանի տարեկան աշխատավարձը կարզմում է մոտ 2,5 մլն եվրո առանց բոնուսների և պարգևավճարների: Վարձակալության շրջանում ակումբի պարտավորություններն աշխատավարձի վճարման մասով կատարում էր ամերիկյան ակումբը:

Մովսիսյանի համար լավագույն տարբերակը կլինի կարիերան ամերիկյան ակումբում շարունակելը: 2016-ի հունվարից ամերիկյան ակումբն իրավունք ունի գնել նրան:

Մովսիսյանն այլևս չի մասնակցում Հայաստանի հավաքականի խաղերին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ տարաձայնությունների պատճառով: «Սպարտակի» գլխավոր մարզիչ Դմիտրի Ալենիչևը մայիսին հայտարարել էր, որ Մովսիսյանն իր ամբողջ ներուժով չէր խաղում հավաքականի կազմում:

Ընթացիկ խաղաշրջանում Մովսիսյանը 24 հանդիպում է ունեցել «Սոլթ Լեյք Սիթիի» կազմում և 9 գնդակ է խփել:

Ըստ փորձագետների, այսօրվա դրությամբ Մովսիսյանի շուկայական արժեքը մոտ 4 մլն եվրո է: