29-04-2015 14:32

Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է մարզիկ-զինծառայողներինՀՀ պաշտպանության նախարարության մարզիկ-զինծառայողները միջազգային խոշոր մրցաշարերում բազմիցս բարձր են պահել ՀՀ դրոշը, հնչեցրել պետական օրհներգը: Տարբեր երկրների մրցահարթակներում հայ մարզիկ-զինծառայողները շարունակում են մեդալներ նվաճել և բարձր հորիզոնականներ զբաղեցնել:
2015թ. մարտ-ապրիլ ամիսներին պարտադիր ժամկետային զինծառայող հայ մարզիկները մասնակցել են Վրաստանում կայացած ծանրամարտի, Լեհաստանում՝ ազատ ոճի ըմբշամարտի, Քաթարում՝ սպորտային մարմնամարզության, ինչպես նաև Սերբիայում կայացած սամբոյի երիատասարդների առաջնություններին՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
Միջազգային խոշոր մարզական միջոցառումներին բարձր ցուցանիշներ արձանագրելու, ՀՀ և ՀՀ ԶՈՒ պատիվը բարձր պահելու համար ապրիլի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայ մարզիկ-զինծառայողներին խրախուսել է արժեքավոր նվերներով և ՊՆ «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալներով:
Շնորհավորելով զինծառայողներին բարձր ցուցանիշներ արձանագրելու կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ հայկական զինուժը ոչ միայն առօրյա ծառայության ընթացքում, առաջնագծում հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում է կարողանում ապացուցել հայոց բանակի բարձր մարտունակությունը, այլ նաև ֆիզիկական պատրաստության և սպորտի բնագավառներում գրանցած հաջողություններով:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը այսուհետ ևս լուրջ ուշադրություն է դարձնելու ֆիզպատրատության և սպորտի բնագավառին, համագործակցելու է սպորտային բոլոր կառույցների հետ՝ նպաստելով հայ մարզիկ-զինծառայողների հաջողությունների բազմապատկմանը: