Բավ է պառակտվել
29-08-2016 11:24

Միհրան Հարությունյան. ինձ Ալեքսանդր Մակեդոնացի էի զգում, երբ դիմավորում էին Երևանում

Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր, հունահռոմական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հայտարարել է, որ երբ իրեն դիմավորում էին Երևանի օդանավակայանում, նա իրեն զգում էր, ինչպես Ալեքսանդր Մակեդոնացին։

«Թվում էր, թե Մակեդոնացին եմ, երբ ողջ աշխարհը ցնծում և ողջունում է քեզ։ Դա ամենաերջանիկ օրն էր, ոչինչ դրա հետ չի համեմատվի։ Չկա ավելի արժանի երևույթ, քան սեփական ազգի սերը։ Այդ ամենն այնքան է մոտիվացնում, որ տասնյակ Օլիմպիադաներին մասնակցելու ուժ է տալիս», – հայտարարեց Հարությունյանը։

Նրա խոսքով` նա զգում է ազգի` ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների աջակցությունը, և ոչ մի անգամ ոչ մեկից չի լսել, որ պարտվել է Օլիմպիադայի եզրափակչում, սակայն դա չի հանգստացնում։

«Այս ամենն անբացատրելի է։ Ներսումս զգացողություն է, որ չկա այն մրցանակը, որը պետք է լիներ։ Սակայն, որպես այս ազգի որդի, ես երջանիկ եմ, և դա ամենից վեր է», – նշել է նա։

Ռիոյի Օլիմպիադայում գրանցած արդյունքի համար ըմբիշը շնորհակալ է Աստծուն։

Հարությունյանի խոսքով, սակայն, արդյունքը կարող էր ավելի լավ լինել։

«Չարացած չեմ, կա երազանք, որը գողացան, սակայն դու հասկանում ես, որ եթե այդ երազանցը դեռ կա, ապա ամեն ինչ կախված է քեզնից։ Այս արդյունքի համար շնորհակալ եմ Աստծուն, սակայն կարող էր ավելի լավ լինել։ Պարզապես կան մարդիկ, որոնք չեն ցանկանում, որպեսզի ես հաղթեմ։ Սակայն ինչպես ասել է Մարկոս Ավրելիոսը` մեղադրի՛ր քեզ կամ մի՛ մեղադրիր ոչ մեկին», – նշել է Հարությունյանը։

Նա ավելացրել է, որ հիմա դեռ մտածում է վերադառնալ և շարունակել պայքարել, թե թողնել սպորտը։

«Կարծում եմ` անհնար է պայքարել կանխակալ մրցավարության դեմ, այն եղել է և միշտ կլինի։ Հուսով եմ, որ մեր ֆեդերացիան չի անտեսի այս ամենը, քանի որ սա մեր ընդհանուր հաղթանակն է։ Հիմա ուզում եմ հանգստանալ, մենակ մնալ և վերաիմաստավորել, ուզում եմ մեկնել որևէ արևադարձային երկիր կամ գյուղ», – նշել է Հարությունյանը։

Հայ ըմբիշը զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով, ինչի հետևանքով եզրափակչում հաղթանակը շնորհվեց նրա մրցակցին` սերժ ըմբիշ Դավոր Շտեֆանեկին։