Բավ է պառակտվել
27-08-2017 10:18

Մեյվեզերը հաղթեց Մաքգրեգորին և բռնցքամարտում լեգենդար ռեկորդ սահմանեց (Լուսանկար, տեսանյութ)

Ֆլոյդ Մեյվեզերը հաղթեց Քոնոր Մաքգրեգորին և բոքսում լեգենդար ռեկորդ սահմանեց:

 
Այս մենամարտի առաջին մի քանի ռաունդները հավասար էին ընթանում: Մաքգրեգորը փոքր-ինչ ավելի ակտիվ էր գործում և մի քանի անգամ հաջողացրեց թեթև հարվծներ հասցնել մրցակցի գլխին, այն ժամանակ, երբ Մեյվեզերը փորձում էր հարվածել մրցակցի մարմնին, և ստիպել նրան ուժերը վատնել ռինգում մշտական տեղաշարժերի վրա: Մաքգրեգորն այդ ռաունդերի ընթացքում հակառակորդի ծոծրակին հարվածելու համար դատավորից մի քանի նկատողություն ստացավ:
Վեցերորդ ռաունդում ամերիկացին մենամարտի ընթացքում առաջին անգամ մեծացրեց արագությունը և երկու անգամ հաջողացրեց հարվածներ տեղալ, որոնցից գրեթե յուրաքանչյուրը հասավ իր թիրախին: Մաքգրեգորը պատասխանեց լյարդին հասցված հարվածով, սակայն Մեյվեզերի հարձակումը շատ ավելի ուժեղ էր և ռաունդում առավելությունը մնաց ամերիկացու կողմից:
Մենամարտի երկրորդ կեսի ամենասկզբից Մեյվեզերը սկսեց հարվածներ հասցնել մրցակցի գլխին և նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց: Մաքգրեգորն, ում մենամարտերը նախկինում չէին գերազանցում 25րոպեն, սկսեց հոգնել և բաց թողել հարվածները: Իններորդ ռաունդում իռլանդացին ստիպված եղավ երկու անգամ պաշտպանվել՝ նոկաուտից խուսափելու համար, քանի որ Մեյվեզերի ուղիղ հարվածները հասնում էին նրա գլխին: Տասներորդ ռաունդում Մեյվեզերըշարունակեց հարվածներ տեղալ հակառակորդի գլխին: Մաքգրեգորը հազիվ էր կանգնում ոտքերի վրա, և ռեֆերին կանգնեցրեց մենամարտը՝ արձանագրելով Մեյվեզերի հաղթանակը:
Մենամարտը անցնում էր բռնցքամարտի կանոններով, այն բաժանված էր տասներկու ռաունդերի՝ երեքական րոպե տևողությամբ: Մաքգրեգորի համար այս մենամարտը կարիերայի առաջին բռնցքամարտն էր: Մինչ այդ նա մենամարտում էր միայն միքսֆայտի կանոններով, որտեղ մենամարտերը տևում են մաքսիմում հինգ ռաունդ՝ հնգական րոպե տևողությամբ:
Մեյվեզերի և Մաքգրեգորի մենամարտը տիտղոսային չէր: Հաղթողը կստանա միայն կոկորդիլոսի կաշվից և ոսկուց պատրաստված Money Belt սիմվոլիկ գոտին, որը զարդարված է 3360 ադամանդներով, 600 շափյուղայով և 300 զմրուխտներով: Գոտու մոտավոր արժեքը գնահատվում է 1 մլն դոլար:
Մենամարտի մասնակիցների հոնորարը դրա ելքից կախված չէր: Մեյվեզերն այս մենամարտի համար կստանա 100 մլն. դոլար, իսկ նրա մրցակիցը՝ 30 մլն. դոլար: Այս գումարները չեն ներառում հեռարձակման իրավունքից, ինչպես նաև տոմսերի և հուշանվերների վաճառքից ստացված գումարների տոկոսները: Նախնական տվյալներով Մեյվեզերը մենամարտի համար կստանա մոտ 400 մլն դոլար, իսկ Մաքգրեգորը մոտ 127 մլն:
Մենամարտը ողջ պատմության մեջ պետք է ամենաշատ գումարներ բերածը դառնա: Ենթադրվում է, որ այն կբերի 600 մլն. դոլար եկամուտ: Վերջնկան գումարը հնարավոր կլինի հնչեցնել այն ժամանակ, երբ իրականացվեն մենամարտի հեռարձակումից ստացված եկամուտների հաշվարկները:
Մաքգրեգորի ու Մեյվեզերի մենամարտի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2017թ. հունիսին: Մենամարտի նախաձեռնողն իռլանդացին էր, ով 2016թ. վերջին UFC –ում նվաճեց հերթական չեմպիոնական տիտղոսը և փրոմոուշենի պատմության մեջ դարձավ միանգամից երկու քաշային կատեգորիաներում առաջին գոտու կրողը:
Մաքգրեգորը մենամարտի հրավիրեց Մեյվեզերին և հանուն այդ մենամարտի ամերիկացի բռնցքամարտիկը որոշեց ժամանակավորպես վերադառնալ սպորտ: Ամերիկացին համաձայնեց ընդունել Մաքգրեգորի հրավերը միայն մեկ պայմանով՝ եթե մենամարտն անցնի բռնցքամարտի կանոններով: Այդպիսով իռլանդացին զրկվեց ոտքերով հարվածներ հասցնելու հնարավորությունից:
Մինչ Մաքգրեգորի հետ մենամարտը Մեյվեզերը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել 2015թ., ինչից հետո հայտարարել էր իր կարյերայի ավարտի մասին: Կարիերան շարունակել ամերիկացին չի ծրագրում: Մաքգրեգորի դեմ մենամարտը, նրա խոսքերով, կլինի վերջինը: Մինչ իռլանդացու հետ հանդիպելը Մեյվեզերը հաղթել էր իր բոլոր՝ 49 մենամարտերը, ընդ որում 26-ը նոկաուտով: