Բավ է պառակտվել
14-04-2014 20:51

Ուսանողական մարզական խաղերը Հայաստանում դարձել են ավանդական

Մեկնարկել են Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերը: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը մասնակցել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 15-րդ հանրապետական մարզական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը բացման խոսքում նշել է, որ ուսանողական խաղերն արդեն դառնում են ավանդական. «Այս խաղերը միավորել են 3000 ուսանողի՝ 20 բուհից, ովքեր մրցելու են 11 մարզաձեւերում: Շատ կարեւոր է, որ մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է. բացի մայրաքաղաքային բուհերից, նաեւ մարզային բուհերն ու Արցախի պետական համալսարանն են մասնակցում: Ուսանողական մարզական խաղերը դարձել են առողջ ապրելակերպի խորհրդանիշ: Ձեր օրինակը պետք է լավ իմաստով վարակիչ լինի, որպեսզի առողջ ապրելակերպի մշակույթը դառնա նպատակ եւ կյանքի ավանդական կերպ բոլոր ուսանողների համար»,- դիմելով մասնակիցներին՝ նշել է Ա. Աշոտյանը: Շեշտելով, որ Հայաստանի լավագույն ուսանող-մարզիկները տպավորիչ արդյունքներ են դրսեւորել նաեւ միջազգային ասպարեզներում՝ Ա. Աշոտյանը վստահեցրել է, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստ է ապահովել բոլոր պայմանները, որպեսզի այդ հաջողությունները լինեն շարունակական: Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: