Բավ է պառակտվել
03-07-2014 17:04

Հայտնի են նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի երևանյան փուլի հաղթողները

ՀՀ նախագահի մրցանակի համար արդեն 11-րդ անգամ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերի միջև: Մրցույթի հունիսի 1-15-ը անցկացված 1-ին՝ վարչական շրջանների փուլին մասնակցել է 387 ընտանիք, իսկ քաղաքային փուլին՝ 144 ընտանիք, որոնք պարգևատրվել են հուշամեդալներով:

Չորս տարիքային խմբերում հաղթող ընտանիքներին հանձնվել են ՀՀ նախագահի կողմից սահմանված համապատասխան դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Մրցումներն անցկացվել են 7 մրցաձևերից. 30մ խաղային փոխանցումավազք, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, 80մ խաղային փոխանցումավազք, հեռացատկ, վարժություն բասկետբոլի գնդակով, պարանի ձգում։ Մրցումների ծրագրում առաջին անգամ ընդգրկվել էր նաև օդամղիչ հրացանով հրաձգությունը։ Յոթ մրցաձևերում հավաքած միավորների հանրագումարով էլ որոշվել են 4 տարիքային խմբերի հաղթողներն ու մրցանակակիրները։

Երևանյան փուլում հաղթած 12 ընտանիքները թիմի ներկայացուցչի և 3 մարզիչների հետ հուլիսի 21-27-ը Ծաղկաձորում կմասնակցեն Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» 2014թ. հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին։ Եզրափակիչ փուլում առաջին անգամ Երևան քաղաքը կներկայացնեն նաև 12 վարչական շրջանների հաշմանդամություն ունեցող անձանց 1-ական ընտանիքներ։

Երևանյան մարզական ընտանիք պատվիրակության համար մինչև Ծաղկաձոր մեկնելը ձեռք կբերվի 76 լրակազմ մարզահանդերձանք։