06-07-2016 18:08

Մեսին դատապարտվել է 21 ամսվա ազատազրկման

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի արգենտինացի խաղացող Լիոնել Մեսին և նրա հայրը՝ Խորխեն, իսպանական դատարանի կողմից դատապարտվել են յուրաքանչյուրը 21 ամսվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար: 
Վճիռը կարող է բողոքարկվել Իսպանիայի գերագույն դատարանում: Իսպանական օրենքների համաձայն՝ մինչև երկու տարի ժամկետով ազատազրկումը կարող է պայմանական լինել, այդ պատճառով Մեսին և նրա հայրն ամենայն հավանականությամբ չեն հայտնվի բանտում:

Դատարանը պահանջել է Մեսիից վճարել մոտ 2 միլիոն եվրոյի, իսկ նրա հորից՝ 1,5 միլիոն եվրոյի տուգանք:

Նրա հայրը դատապարտվել է Իսպանիայից 2007-2009 թվականների ընթացքում 4,1 միլիոն եվրո թաքցնելու համար:

Դատավարության ընթացքում Մեսին պնդել է, որ իր ֆինանսական հարցերի կառավարման մասին «ոչինչ չի իմացել», և ասել է, որ ինքը «ֆուտբոլ էր խաղում»: