26-09-2016 11:52

Լևոն Արոնյանը զբաղեցրել է երկրորդ տեղը Տալի հուշամրցաշարի բլիցում

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը, վաստակելով 5,5 միավոր, զբաղեցրել է երկրորդ տեղը Տալի հուշամրցաշարի բլիցում։

Հաղթող է ճանաչվել ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը (7,5 միավոր)։ Երրորդ տեղը կիսել են Յան Նեպոմնյաշչիկ (Ռուսաստան), Պետեր Սվիդլերը (Ռուսաստան) և Անիշ Գիրին (Նիդեռլանդներ)` վաստակելով 5–ական միավոր։

Աշխարհի 8–րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարն անցկացվում է Մոսկվայում սեպտեմբերի 25–ից հոկտեմբերի 6–ը։ Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար։

Հիշեցնենք, որ Տալի հուշամրցաշարում ամենից հաճախ հաղթել է Արոնյանը (երեք անգամ), ընդ որում ամեն անգամ նա առաջին տեղը կիսել է մասնակիցներից մեկի հետ։ Արոնյանը հաջողության է հասել 2006 թ.–ին (հունգարացի Պետեր Լեկոյի և ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովի հետ), 2010 թ.–ին (ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի և Մամեդյարովի հետ) և 2011 թ.–ին (նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ)։