07-10-2016 14:13

Լևոն Արոնյանը գրավեց 3-րդ տեղը

Մոսկվայում ավարտվեց Տալի հուշամրցաշարը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի վերջին տուրի հանդիպումները: Եզրափակիչ տուրի մեկնարկից առաջ մրցաշարի գլխավոր մրցավար Անատոլի Բիխովսկին շնորհավորեց Լևոն Արոնյանին ծննդյան 34-րդ տարեդարձի առթիվ:
9-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը Վիշվանաթան Անանդն էր: Պարտիայում կիռառվեց իտալական պաշտպանություն: Այն անցավ բավական հետաքրքիր պայքարում, սակայն կողմերից և ոչ մեկը չկարողացավ առավելություն ստանալ: 40-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Մրցաշարի առաջատար Յան Նեպոմնյաշչին Բորիս Գելֆանդի հետ պարտիայում ծանր պայքարում կարողացավ հասնել ոչ-ոքի արդյունքի: Անիշ Գիրին, ով մրցում էր չինացի գրոսմայստեր Չաո Լիի հետ, հաղթելու և միավորներով Նեպոմնյաշչուն հասնելու լավ հնարավորություն ուներ, սակայն չինացի գրոսմայստերը պաշտպանվեց շատ հստակ, և պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Ոչ-ոքի արդյունք գրանցվեց նաև Եվգենի Տոմաշևսկի-Պյոտր Սվիդլեր պարտիայում, իսկ տուրի միակ հաղթանակը տոնեց Շահրիյար Մամեդյարովը. նրա մրցակիցն էր Վլադիմիր Կրամնիկը:
Արդյունքում մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին, ով վաստակեց 6 միավոր: Անիշ Գիրին առաջատարից հետ մնաց կես միավորով և գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ 5 միավոր վաստակած Լևոն Արոնյանը եզրափակեց լավագույն եռյակը: