Բավ է պառակտվել
30-11-2017 18:40

Լևոն Արոնյանը պահպանեց իր դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշում

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը գտնվում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նոյեմբերի վարկանշային աղյուսակի 2-րդ հորիզոնականում։
Կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակած վարկանիշի համաձայն, Արոնյանը տվյալ պահին իր ակտիվում ունի 2805 միավոր։ Հոկտեմբերի վարկանիշում Արոնյանը նույնպես զբաղեցնում էր երկրորդ հորիզոնականը, սակայն 2801 միավորով, այն դեպքում, երբ սեպտեմբերին գտնվում էր 4-րդ հորիզոնականում։
Վարկանշային աղյուսակի 1-ին հորիզոնականը առաջվա պես զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) – 2837 միավորով։ 3-րդ հորիզոնականում հայտնվել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը՝ 2799 միավոր, 4-րդ` ամերիկացի Ֆաբիանո Կարուանան` 2799: Իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե Լագրավը` 2789 միավորով։
Հիշեցնենք, որ Արոնյանը Իսպանիայի Մալյորկայում անցած ՖԻԴԵ-ի Գրան պրիի չորրորd` եզրափակիչ փուլում, բաց թողեց հաղթանակը:
Մինչ 9-րդ տուրը Արոնյանը միանձնյա էր գլխավորում Գրան պրիի մրցաշարային աղյուսակը, բայց 9–րդ տուրում ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն հաղթանակ տարավ՝ հավասարվելով Արոնյանի հետ: Արդյունքում երկու գրոսմայստերները հավաքեցին 5.5–ական միավոր։ Թայ բրեյքի արդյունքում ռուս գրոսմայստերն ավելի ուժեղ գտնվեց։
Չնայած դրան, Աշխարհի գավաթում տարած հաղթանակի շնորհիվ Արոնյանն իր համար ապահովել է 2018 թ. մարտին Բեռլինում կայանալիք շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի ուղեգիր։