Բավ է պառակտվել
10-08-2016 12:57

Մրցակիցները Մերդինյանի մասին. բարդ ծրագիր և կատարողական վարպետություն

Մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որակավորման փուլում ստանալով 15,583 միավոր, չորրորդ տեղով անցավ եզրափակիչ ու պայքարելու է մեդալների համար: Ե՛վ Հարությունը, և նրա մրցակիցները նախապատրաստվում են վճռորոշ մրցմանը:

Մցումներից առաջ հարցազրույց են տվել հայ մարմնամարզիկի ճանաչված երկու մրցակիցներ՝ Լուիս Սմիթիը և ռուս Դավիթ Բելյավսկին, որոնք նույնպես ունեն բոլոր հնարավորությունները օլիմպիական մեդալ վաստակելու համար: Լուիս Սմիթը որակավորման մրցումներում զբաղեցրել է առաջին տեղը՝ 15,800 արդյունքով, իսկ Բելյավսկին եզրափակել է լավագույն ութնյակը՝ 15,300 արդյունքով:

Որակավորման մրցումների ժամանակ բրիտանացի մարմնամարզիկը հետևել է Մերդինյանի ելույթին.

«Հետևել եմ Հարությունին, կարծում եմ` բոլոր նրանք, ովքեր կարողացան հայտնվել եզրափակչում, արդեն ունեն մեծ հնարավորություններ։ Եզրափակիչ փուլում չկան պատահական մարզիկներ, այստեղ բոլոր նրանք են, ովքեր արդեն իսկ ձեռք են բերել առավելություն մյուսների նկատմամբ։ Մերդինյանին ցանկանում եմ հաջողություն եզրափակչում»:

Դավիթ Բելյավսկին էլ, թեև չի տեսել Մերդինյանի ելույթը, համոզված է, որ հայ մարմնամարզիկն ի զորու է հասնել բարձր արդյունքի.

«Անկեղծ ասած` Ռիոյում նրա ելույթը չեմ հետևել, սակայն Եվրոպայի առաջնությունում արտակարգ բարդություն (բազա) ցուցադրեց։ Կարծում եմ, որ նա ունի Ռիոյում մեդալ նվաճելու հնարավորություն»:

Երկու մրցակիցներն էլ նշեցին հայ մարմնամարզիկի բարդ ծրագիրը և կատարողական բարձր վարպետությունը։ Ե՛վ բրիտանացի, և՛ ռուս մեծ մարզիկները հարգանքով խոսեցին Մերդինյանի մասին:

Հավելենք, որ Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլում Մերդինյանը երկրորդ տեղով դուրս եկավ եզրափակիչ` զիջելով հենց Լուիս Սմիթին: Բայց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեց` հաղթելով եզրափակչում: Օլիմպիական խաղերում որակավորման փուլի արդյունքները չեն հաշվում. որ մարմնամարզիկը բարձր գնահատական ստանա, նա էլ կհաղթի: Իսկ Հարություն Մերդինյանն իր բարդ ծրագիրը լավ կատարելու դեպքում միանշանակ կարող է մեդալ բերել Հայաստանի օլիմպիական թիմին: