Բավ է պառակտվել
22-08-2016 17:05

Ո՞ր տեղը կզբաղեցներ աշխարհի հայերի խորհրդանշական հավաքականը Ռիոյում

Հայերը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական 31–րդ ամառային խաղերում հանդես են եկել ոչ միայն հայկական դրոշի ներքո։ Նրանցից շատերը պատվո պատվանդանին են կանգնել, և նրանց պատվին հնչել են հզոր մարզական գերտերությունների օրհներգերը։ ԶԼՄ-ները պարզել են, թե որ տեղը կզբաղեցներ Հայաստանը մեդալների ընդհանուր ստուգարքում, եթե նրա դրոշի ներքո հանդես գային այլ երկրներ ներկայացնող մրցանակակիր հայերը։

Հայաստանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` 206 մասնակիցների թվում զբաղեցնելով 42–րդ տեղը։
Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (98 կգ)։ Արծաթե մեդալները բաժին հասան ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին (մինչև 105 կգ) և Գոռ Մինասյանին (105 կգ–ից բարձր), ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանին, ով զրկվեց ոսկե մեդալից կանխակալ մրցավարության պատճառով։

Ռուսաստանին երկու ոսկե մեդալներ բերեցին սուսերամարտիկ Յանա Եգորյանը (դրանցից մեկը` թիմային մրցման մեջ)։ Բռնցքամարտիկներ Միշա Ալոյանը (Ռուսաստան) և Արտյոմ Հարությունյանը (Գերմանիա) նվաճեցին, համապատասխանաբար, արծաթ և բրոնզ։

Թիմային մրցումներում ևս մեկ արծաթ է նվաճել Սեդա Թութխալյանը և, վերջապես, բրոնզե մեդալ է նվաճել ռուսաստանցի հրաձիգ Կիրիլ Գրիգորյանը։

Այսպիսով, աշխարհի հայերի «սիմվոլիկ» հավաքականն ունի երեք ոսկե, հինգ արծաթե և երկու բրոնզե մեդալ։

Այս արդյունքը թույլ կտար ընդհանուր ստուգարքում առաջ անցնել Կոլումբիայից և զբաղեցնել 23–րդ տեղը։

Օլիմպիական խաղերում աչքի ընկան նաև հայ մարզիչները։ Մանսավորապես, օլիմպիական չեմպիոններ դարձան ջրի պոլոյի մարզիչ Ադամ Կրիկորեանի երկու ամերիկացի սաները։ Ձեռքի գնդակի Ռուսաստանի` ոսկի նվաճած կանանց հավաքականի մարզիչը նույնպես հայ Լևոն Հակոբյանն է։ Այդ թիմում է հանդես գալիս նորաթուխ օլիմպիական չեմպիոնուհի Օլգա Հակոբյանը։ Ռիոյի օլիմպիական ոսկի է նվաճել նաև ձյուդոիստ Բեսլան Մուդրանովը մարզիչ Ռուդոլֆ Բաբոյանի գլխավորությամբ։