Բավ է պառակտվել
01-02-2016 13:35

Լևոն Արոնյան` «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմը». CNN-ի անդրադարձը հայ չեմպիոնին

Ամերիկյան CNN հեռուստաալիքի առցանց պարբերականն ուշագրավ անդրադարձ է կատարել աշխարհի լավագույն շախմատիստներից մեկին` մեր հայրենակից Լևոն Արոնյանին` նրան բնութագրելով որպես «հայկական շախմատի Դևիդ Բեքհեմ»: «Երբ Լևոն Արոնյանը քայլում է իր հարազատ Հայաստանի փողոցներով, անծանոթները ջերմորեն ողջունում են նրան, ռեստորանները պատիվ են համարում նրան անվճար հյուրասիրելը, իսկ շարքային քաղաքացիներն իրենց երեխաներին ուրախությամբ անվանակոչում են նրա պատվին։ Մի խոսքով՝ Արոնյանն իսկական գանձ է Հայաստանի համար»,- իր հոդվածը սկսում է լրագրող Շինա ՄքՔինզին: «Երբ կինս առաջին անգամ ինձ հետ Հայաստան էր եկել, մենք միասին գնացինք մեքենաս վառելիքով լիցքավորելու։ Բենզալցակայանի աշխատակիցը հրաժարվեց ինձնից գումար վերցնել, ինչն անչափ զարմացրեց Արիանային, սակայն որոշ ժամանակ անց նա սովորեց նման վերաբերմունքին»,-մեջբերում է լրագրողն Արոնյանի խոսքերը: Այնուհետև ՄքՔինզին հիշեցնում է, որ «հետխորհրդային փոքրիկ երկիրը, որտեղ բնակվում է Արոնյանը, ուղղակի ապրում է շախմատով»: Շախմատի նկատմամբ հայերի «համազգային մոլուցքը» հասկանալու համար ՄքՔինզին առաջարկում է պարզապես զբոսնել Երևանի փողոցներով ու հանդիպել բազմաթիվ երիտասարդների ու տարեցների, որոնք շախմատ են խաղում սրճարաններում, այգիներում, բակերում և նույնիսկ՝ ընտանեկան հավաքույթների ժամանակ: Հեղինակը նկատում է, որ «Հայաստանի բոլոր դպրոցներում շախմատի ուսուցումը դպրոցների հիմնական կրթական ծրագրում ներառելն այդքան էլ հեշտ իրականացվող նախագիծ չէր»: Այնուհանդերձ՝ ՄքՔինզին եզրակացնում է, որ «շախմատ խաղացող, խելացի սերունդ ունենալու հեռանկարն այնքան գայթակղիչ է ՀՀ իշխանությունների համար, որ նրանք հանուն դրա պատրաստ են հաղթահարել բոլոր խոչընդոտները»: «Հեռավոր 1963թ., երբ Տիգրան Պետրոսյանն առաջին անգամ նվաճեց շախմատի աշխարհի չեմպիոնի պատվավոր կոչումը, փոքր պետություն Հայաստանին ճանաչեց ողջ աշխարհը: Այժմ նրա գործը շարունակում է Արոնյանը, ով համայն աշխարհին բացահայտում է Հայաստանի մտավոր ներուժը»,- եզրափակում է ՄքՔինզին: