Բավ է պառակտվել
10-09-2016 15:18

Հայ մարզիկները պարգևատրվել են «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով

Շաբաթ օրը Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունել է 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում հաղթանակներ գրանցած և մրցանակային տեղեր զբաղեցրած հայ մարզիկներին և նրանց մարզիչներին, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Հայ մարզիկներին ու մարզիչներին հայտնելով իր երախտագիտությունը և մաղթելով նրանց նորանոր ձեռքբերումներ՝ Սեյրան Օհանյանը նկատել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առօրյայում կամ առաջնագծում, այլև միջազգային մրցաշարերում բազմիցս ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության և ուժի մասին:

Խոսելով զինծառայողների ընդհանուր պատրաստության գործընթացի շուրջ և անչափ կարևորելով սպորտի ու ֆիզպատրաստության դերը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը ՝ առաջնորդվելով «Առողջ մարմնում առողջ հոգի» կարգախոսով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, օլիմպիականներն ընդգծել են, որ իրենք ևս հայրենիքի զինվորներ են և մշտապես պատրաստ են զորավիգ լինել երկրի պաշտպանությանը:

Հանդիպման ավարտին 31-րդ օլիմպական խաղերում հաղթած և մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին և արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով: