Բավ է պառակտվել
09-10-2014 14:17

Մխիթարյանը շուտով դուրս կգա Գյոտցեի շողքից և կգերազանցի գերմանացուն. Ftbpro.com

Ftbpro.com-ն իր հոդվածում անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, թե ինչպիսի մեծ դեր ունի 25-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի փոխչեմպիոնի համար: «Բորուսիայի» խաղում հսկայական տարբերություն է նկատվում, երբ Հենրիխ Մխիթարյանը դաշտում է: Երկար ժամանակների ընթացքում նա մեծացնում էր իր դերը թիմում: Հայ ֆուտբոլիստը մինչեւ Դորտմունդ տեղափոխվելն այնքան էլ հայտնի չէր Եվրոպայում: Նրա հետ կապված մեծ հույսերի գլխավոր պատճառն էր տրանսֆերային բարձր արժեքը: Առաջին օրերից նրա գործողություններում լարվածություն էր նկատվում: Բացի այդ, Հայաստանի հավաքականի ամբողջ ճնշումն ընկած էր Հենրիխի ուսերին: Բունդեսլիգայի դադարից հետո նա մեծ առաջընթաց գրանցեց: Նա ավելի թեթեւ էր գործում եւ ցուցադրեց իր բարձր կարգը: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում հայ ֆուտբոլիստը հիանալի մարզավիճակում էր գտնվում: Ամռանը Մխիթարյանը շարունակում էր աշխատել իր վրա: Արդյո՞ք նա կվերադառնա ավելի ուժեղ, թե՞ կլինի վատ մարզավիճակում: Այդ հարցի պատասխանն ընկած է մրցաշրջանի մեկնարկում: Նա անցկացրած 7 խաղում դարձել է երկու գոլի հեղինակ եւ լավ ֆուտբոլ ցուցադրել Բունդեսլիգայում եւ Չեմպիոնների լիգայում: Հնարավոր է, որ Հենրիխը շուտով դուրս կգա Մարիո Գյոտցեի շողքից եւ կգերազանցի գերմանացուն: Կիսապաշտպանի վնասվածքից հետո դորտմունդցիներն անհաջող հանդիպումներ անցկացրին Բունդեսլիգայում: 10 օրից նա պետք է կրկին պատրաստ լինի: Սպասվում է, որ Հենրիխ ավելի ուժեղ կվերադառնա: Միկիից մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի ամրապնդվի «Բորուսիայում», իսկ նրա վնասվածքը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է նա դարձել թիմի համար: Մխիթարյանն ունի մեծ ներուժ, որպեսզի դառնա աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկը: Նա արդեն գերազանցել է գերմանական ակումբի երկրապագուների բոլոր սպասելիքները,- գրում է կայքը: