25-11-2015 18:23

ՀՖՖ նախագահ. ալբանացիների հետ խաղում դավաճանություն է տեղի ունեցել

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը չորեքշաբթի առաջատար ԶԼՄ–ների հետ ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ հավաքականի մի քանի խաղացողների կասկածում է «դավաճանության» մեջ ալբանացիների հետ խաղում։ Ալբանիայի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպման ժամանակ հայերի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ (3։0) պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում։ Խաղից հետո kurir.rs կայքը գրել է, որ Հայաստանի հավաքականի չորս ֆուտբոլիստների ալբանացիները խոստացել են 500 հազարական եվրո խաղում պարտվելու դիմաց։ Սակայն սերբական հրատարակության հայցին ի պատասխան` ՈւԵՖԱ–ից հայտարարել են, որ քննություն չի անցկացվի, քանի որ կազմակերպությունը որևէ կասկած չունի։ «Հավաքականի խաղի հետ կապված երկրպագուների դժգոհություններն օբյեկտիվ են և ճիշտ։ Հավաքականը վատ է խաղում, և մենք պետք է անենք ամեն ինչ` այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար», – նշեց Հայրապետյանը։ Նրա խոսքով` թիմում հիմա կան շատ լուրջ բարոյահոգեբանական խնդիրներ, որոշ ֆուտբոլիստներ պարզապես չեն ցանկանում խաղալ։ «Իհարկե, դա բոլորին չի վերաբերում, սակայն մենք գիտենք, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, և այդ խնդիրներն անհապաղ հարկավոր է լուծել», – հայտարարեց Հայրապետյանը։ Նրա խոսքով` նա ունի կարևոր խնդիր` կարգի բերել հավաքականը։  «Հայկական ֆուտբոլում իմ գլխավոր վաստակը եղել է այն, որ, երբ ես գլխավորեցի ՀՖՖ–ն, ինձ հաջողվեց արմատախիլ անել դավաճանությունը, և, ցավոք, այս խնդիրը կրկին վերադարձել է։ Կարծում եմ, որ սա ձախողում և դժբախտություն է հայկական ֆուտբոլի համար», – ընդգծեց ՀՖՖ նախագահը։ Նրա խոսքով` եթե նրան չհաջողվի լուծել այս խնդիրը, ապա նա բոլորին կասի, որ այլևս ի վիճակի չէ գլխավորել ՀՖՖ–ն և կհեռանա այդ պաշտոնից։ «Եթե ինձ չհաջողվի լուծել այս հարցը, ցանկացած մարզչի դեպքում նրանից օգուտ չի լինի, քանի որ նման պայմաններում անհնար կլինի որևէ խնդիր դնել մարզչի առաջ», – նշեց Հայրապետյանը։ Նրա խոսքով` այդ ցեցը ծակում և քանդում է ամեն ինչ։ «Նման պայմաններում ի՞նչ խնդիրներ կարելի է դնել մարզչի առաջ», – նշեց Հայրապետյանը։Նա նաև ընդգծեց, որ դեռևս չի ցանկանում նշել կոնկրետ անուններ, քանի որ դեռ ապացույցներ չունի, «սակայն կարծում եմ, որ ես դրանք շուտով կգտնեմ», – ասաց ՀՖՖ նախագահը։«Իմ գլխավոր և հեռանկարային խնդիրն է բացահայտել, թե կոնկրետ ով և ինչպես է «արել» այդ խաղը։ Կամ մենք պետք է ապացուցենք, որ դա սուտ է, ինչը ես ծիծաղելի եմ համարում, կամ ապացուցենք, որ դա ճիշտ է, այդ դեպքում կլուծենք խնդիրը», – ասաց Հայրապետյանը։Նրա խոսքով, եթե ապացուցվի, որ Հայաստանի հավաքականի որոշ խաղացողներ «վաճառել են» խաղը, ՈւԵՖԱ–ի և ՖԻՖԱ–ի կողմից որևէ պատժամիջոց չի կիրառվի ՀՖՖ–ի նկատմամբ։ «Հակառակը, ՈւԵՖԱ–ն և ՖԻՖԱ–ն խրախուսում են կասկածելի հանդիպումների օբյեկտիվ քննությունը», – ավելացրեց Հայրապետյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։