Բավ է պառակտվել
15-06-2016 09:21

Հենրիխ Մխիթարյանն ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Այդ մասին հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագի գործակալ Մինո Ռայոլան:

«Բորուսիայի» ղեկավարները խոստացել էին, որ այս ամռանը կվաճառեն Հենրիխ Մխիթարյանին, սակայն վախեցան սեփական երկրպագուներից: Նրանք Մխիթարյանի հարցով առաջարկ են ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», բայց անսպասելիորեն ասել են, որ կիսապաշտպանին բաց կթողնեն հաջորդ ամռանը, երբ նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը բացառիկ հնարավորություն է, և Մխիթարյանը ցանկանում է դա հենց հիմա»,- ասել է Ռայոլան:

 Անգլիայի 20-ակի չեմպիոնը 24 միլիոն եվրո է առաջարկել 27-ամյա Մխիթարյանին ձեռք բերելու համար: Ավելի վաղ գերմանական ակումբի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտնել էր, որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության գալ նոր պայմանագիր կնքելու հարցում:

«Բորուսիայի» հետ Հենրիխի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: Հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Արսենալը», «Չելսին», «Տոտենհեմը» եւ Թուրինի «Յուվենտուսը»: Գերմանիայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 31 խաղի եւ դարձել 11 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: