04-07-2016 11:57

Մխիթարյանը 8 միլիոն եվրո կստանա «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու համար

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդից» 8 միլիոն եվրո կստանա Դորտմունդի «Բորուսիայից» անգլիական ակումբ տեղափոխվելու համար:

 «Մանչեսթեր Յունայթեդում» 27-ամյա ֆուտբոլիստը ստանալու է տարեկան 12.5 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա տրանսֆերը կազմելու է 42 միլիոն եվրո: Ընդհանուր առմամբ, Անգլիայի 20-ակի չեմպիոնը 100 միլիոն եվրո կծախսի այս գործարքի համար: Դորտմունդի «Բորուսիան» արդեն հաստատել է Մխիթարյանի տեղափոխությունը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» դեռ լռում է:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2013-ին Դոնեցկի «Շախտյորից» էր տեղափոխվել «Բորուսիա», որը 27.5 միլիոն եվրո էր վճարել նրան ձեռք բերելու համար: Գերմանական ակումբի հետ 27-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2017-ի ամռանը: «Բորուսիայի» կազմում նա մասնակցել է 140 հանդիպման եւ դարձել 41 գոլի եւ 49 գոլային փոխանցման հեղինակ:

Ավարտված մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում եւ դարձել է 23 գոլի եւ 29 գոլային փոխանցման հեղինակ: Նա խաղադաշտում անցկացրել է 4383 րոպե:

Մխիթարյանը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի երրորդ տրանսֆերն անգլիական ակումբում: Ավելի վաղ մանչեսթերցիներին միացել էին ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ու իսպանական «Վիլյառեալի» կոտդիվուարցի պաշտպան Էրիկ Բեյին: