Բավ է պառակտվել
04-11-2015 10:22

Հենրիխ Մխիթարյանը՝ «Գաբալայի» դեմ խաղի մասին

Շատերն ասում են, որ ճիշտ վարվեցի՝ չմեկնելով «Գաբալայի» դեմ արտագնա խաղին, ոմանք էլ հակառակ կարծիքի են: Ինքս կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր: Այս մասին հայտարարել է «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որն արժանին է մատուցել գերմանական ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին եւ անդրադարձել է ադրբեջանական «Գաբալայի» դեմ Եվրոպայի լիգայի չորրորդ տուրի խաղին, որը կկայանա նոյեմբերի 5-ին Դորտմունդում: «Թոմաս Տուխելը փոխեց մեր խաղը, որն արմատապես տարբերվում է նախորդ տարվա խաղից: Մենք երջանիկ ենք, որ խաղում ենք հարձակողական ֆուտբոլ՝ խփելով գոլեր: Այժմ կարող եմ ամբողջությամբ ցուցադրել իմ պոտենցիալը, որը բացահայտեցի Թոմաս Տուխելի շնորհիվ: Նա հավատում է ինձ: Շատ ուրախ եմ, որ մարզիչն ինձ օգնեց դուրս գալ նոր մակարդակ: Նախորդ մրցաշրջանը հաջող չէր ինձ համար: Բայց հիմա կարող եմ ասել, որ ինչը մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ: Ուրախ եմ, որ այդ փուլն անցավ, եւ ես այժմ խաղում եմ վստահ ու արդյունավետ: Շատերն ասում են, որ ճիշտ վարվեցի՝ չմեկնելով «Գաբալայի» դեմ Բաքվում կայացած խաղին: Ոմանք էլ նշում են հակառակը: Ինքս կարծում եմ, որ դա ճիշտ որոշում էր: Չեմ ցանկանում այլեւս խոսել այդ խաղի մասին: Այժմ մտածում եմ «Գաբալայի» դեմ առաջիկա հանդիպման մասին: Հուսով եմ, որ Դորտմունդում կլինի նորմալ հանդիպում. ես ոչինչ չունեմ ապացուցելու: Այն, որ ֆուտբոլիստներին դուր են գալիս դաջվածքներ, ոսկյա մեքենաներ ու գեղեցիկ սանրվածքներ, ասեմ, որ ես չեմ սիրում դաջվածքներ: Իմ մեքենան ոսկյա չէ, իսկ սարնվածքս սովորական է»,- նշել է Մխիթարյանը: Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պատճառով չէր մեկնել Բաքու, որտեղ «Բորուսիան» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հեթ-տրիկի շնորհիվ 3:1 հաշվով հաղթել էր «Գաբալային»: Դորտմունդցիները C խմբի առաջատարն են եւ 3 տուրերից հետո ունեն 7 միավոր: Ռուսական «Կրասնոդարը» հավաքել է 4 միավոր, հունական ՊԱՕԿ-ը՝ 3, իսկ «Գաբալան»՝ 1: