12-05-2017 11:22

Հենրիխ Մխիթարյան. Խաղադաշտում փորձում եմ նմանվել գազանի կամ հրեշի

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ ընթացիկ սեզոնում նա բարելավել է իր արագությունն ու ուժը, և ֆուտբոլային դաշտում փոփոխություն է կրել:
«Ես փորձում եմ նմանվել գազանի կամ հրեշի: Մարտնչում եմ յուրաքանչյուր գնդակի համար և պայքարում ողջ ուժով: Բայց խաղադաշտից դուրս ես հանգիստ եմ՝ ոչ մի ագրեսիա»,-ասում է Մխիթարյանը:
Ֆուտբոլիստն իրեն համեմատել է հոր՝ համլետ Մխիթարյանի հետ, ով հանդես էր գալիս երևանյան « Արարատ» և ֆրանսիական «Վալանս» թիմերի կազմում:
«Իմ հորից շատ բաներ եմ ժառանգել, բայց կարծում եմ` նա ավելի արագ էր: Նա ուժեղ հարված ուներ: Բացի այդ, նա ավելի լավ էր զգում գոլային պահերը: Զգում եմ, որ մի փոքր տարբերվում եմ նրանից: Մարդիկ ասում են, որ մենք տարբեր ենք, և մեզ համեմատելն անիմաստ է»,- նշել է Մխիթարյանը:
Նրա համոզմամբ, կարևոր չէ, թե ի ծնե որքան հնարավորություն և հմտություն ունի մարդը:
«Ամենակարևորը դրանք կյանքի կոչելն է: Դրա համար հարկավոր է անչափ շատ աշխատել: Միայն շատ աշխատելու դեպքում տաղանդը ռեալ արդյունք կտա»,- ընդգծել է նա: