Բավ է պառակտվել
16-05-2016 14:19

Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 2015/16թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Գերմանական DW-ի շուրջ 30 երկրների (օրինակ՝ Մոնտենեգրոյից, Մալավիից, Մարոկկոյից) ընթերցողների քվեարկության շնորհիվ Բունդեսլիգայի 2015/16թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 27-ամյա ֆուտբոլիստը ստացել է քվեարկողների ձայների 26 %-ը՝ շրջանցելով Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Խավիեր Էրնանդեսին (21%), Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն և կիսապաշտպան Թոմաս Մյուլերին (երկուսն էլ՝ 17%): «Երջանիկ եմ, որ կարողանում եմ գոլեր խփել: Կրկնակի ուրախ եմ թիմային խաղի համար: Ընթացիկ մրցաշրջանում մենք հիանալի հանդիպումներ անցկացրինք, որի շնորհիվ բոլորը սկսեցին հավանել մեր խաղաոճը: Կարծում եմ, որ այդ ավանդույթը շարունակական կլինի: Հիանալի հարաբերություններ ունեմ թիմի գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի հետ եւ ուրախ եմ, որ նրա հետ աշխատելու հնարավորություն եմ ստացել: Առաջին զրույցի ընթացքում նա վստահեցրեց, որ ինձ կարող է դարձնել ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Այո, ժամանակ առ ժամանակ մատնվել եմ անվստահության, սակայն նա կարողացավ կատարել իր խոստումը: Շնորհակալ եմ նրան մեծ աջակցության համար»,- ընդգծել է Մխիթարյանը: Բացի այդ, Մխիթարյանն այս մրցանակին անդրադարձել է նաեւ ֆեյսբուքյան իր էջում: «Չեմ կարծում, որ կա ավելի լավ մրցանակ, քան ամբողջ աշխարհի երկրպագուների աջակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում այս ընթացքում իմ կողքին լինելու համար»,- գրել է Մխիթարյանը: Մխիթարյանի օգտին է քվերակել նույնիսկ «Այնտրախտ Ֆրանկֆուրտի» երկրպագու Ռազա Հայդերը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից: