19-09-2016 06:33

Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին, հայտնում է պետության նախագահի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, Ծառուկյանը Պատվո շքանշանով պարգևատրվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, Հայաստանի մարզական ոլորտին ցուցաբերած նշանակալի աջակցության համար:

Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում ներկայացրել են ռեկորդային թվով մասնակիցներ` 33 մարզիկ 8 մարզաձևերում։ Հայկական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` մեդալային հաշվարկում զբաղեցնելով 42–րդ տեղը 206 մասնակից երկրների շրջանում։

Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով զրկվեց ոսկե մեդալից մրցավարական կանխակալության պատճառով։