11-06-2016 10:56

Ֆրանսիան հաղթեց Ռումինիային Եվրո-2016-ի բացման խաղում

Եվրոպայի 2016թ. առաջնության բացման խաղում Ֆրանսիայի ընտրանին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ընդունեց Ռումինիայի հավաքականին: Առաջին խաղակեսի ընթացքում կողմերին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը, չնայած, որ երկու ընտրանիներն էլ գոլի հեղինակ դառնալու բազում հնարավորություն ունեին: Հանդիպման հաշիվը բացվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում: Ֆրանսիայի ընտրանու կիսապաշտպան Դիմիտրի Պայեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն: Րոպեներ անց գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայը բավական վիճելի 11 մետրանոց նշանակեց, որն անվրեպ իրացրեց ռումինացի հարձակվող Բոգդան Ստանկուն: Խաղի հիմնական ժամանակի ավարտից առաջ կրկին աչքի ընկավ Դիմիտրի Պայեն, այս անգամ դառնալով գոլի հեղինակ՝ ձեւակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:

Հավելենք, որ վաղը՝ հունիսի 11-ին տեղի կունենան Ալբանիա - Շվեյցարիա (խումբ A, Երեւանի ժամանակով՝ 17:00), Ուելս - Սլովակիա (խումբ B, 20:00) և Անգլիա - Ռուսաստան (խումբ B, 23:00) հանդիպումները: