Բավ է պառակտվել
23-12-2015 15:17

Վարուժան Սուքիասյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի 2015 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
«Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ վաստակելով 123 միավոր: Աբրահամ Խաշմանյանի անունը 19 անգամ նշվել է առաջին, 7 անգամ՝ երկրորդ և 7 անգամ՝ երրորդ տեղում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նախկին ժամանակավոր պաշտոնակատար և Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը, վաստակելով 72 միավոր, զբաղեցրել է երրորդ տեղը: Հովսեփյանի անունը 4 անգամ նշվել է առաջին, 14 անգամ՝ երկրորդ և 10 անգամ՝ երրորդ տեղում: Հայաստանի ֆուտբոլի եդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2015թ. քվեարկության արդյունքները: Դեկտեմբերի 11-ին սահմանված կարգի համաձայն հայտարարվել էր քվեարկության սկիզբը: Քվեարկության վերջնաժակետն էր դեկտեմեբերի 21-ը: 2015-ի փակ գաղտնի քվեարկությանն էր ներկայացվել 16 մարզչի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ: 

Ինչպես հայտնի է, Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային հավաքականների և բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի գլխավոր մարզիչների իր թեկնածուներին, որից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ գաղտնի քվեարկության:
Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամները, բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները, մեդիայի ներկայացուցիչները:
Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:  Հաղորդագրության համաձայն, տարվա լավագույն մարզիչ Վարուժան Սուքիասյանին կհանձնվի հատուկ մրցանակը, պատվոգիր և 2 միլիոն ՀՀ դրամ դրամական պարգև: