Բավ է պառակտվել
07-07-2015 16:37

Համահայկական խաղերի ջահը Եգիպտոսում է

Անթիլիասի Մայր Տաճարում Արամ Ա կաթողիկոսի օրհնությամբ վառված՝ Սփյուռքը խորհրդանշող ջահը Եգիպտոսում է: Սփյուռքի ամենահին ու ավանդույթներով հարուստ այս գաղթօջախը միշտ առանձնացել է իր համախմբվածությամբ ու հավաքական ուժով: Այն այս անգամ էլ չխախտեց ավանդույթն ու կրկին համախմբվեց միասնականության գաղափարի շուրջ: Համահայկական ամառային վեցերորդ խաղերի սփյուռքյան ջահը, շրջելով Միջին արևելքը, հասավ Կահիրե: Այն Եգիպտոսում դիմավորեցին Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մելքոնյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գլխավոր քարտուղար Բագրատ Բուռնազյանը, գործկոմի անդամներ Պերճ Հալաջյանը, Վարդ Ալեքսանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղի ավանդական կուսակցությունների և հասարակական ու բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում մատուցվեց պատարագ: Համահայկական խաղերի՝ Սփյուռքը խորհրդանշող ջահի միջոցով Վեհափառ հայրապետի՝ Արամ Ա կաթողիկոսի օրհնանքը փոխացվեց եգիպտահայերին: Այս մասին հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունը: Դեսպան Արմեն Մելքոնյանը Համահայկական խաղերը համարեց մեր միասնականությունը ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու լավագույն միջոց: «Համահայկական խաղերն ուղերձ են հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում՝ ներկայանալու որպես պահանջատեր, ցույց տալու հայի հաղթող տեսակը»,- ասաց Ա. Մելքոնյանը: Դեռևս Ֆաթիմյան Խալիֆայության ժամանակաշրջանից ու երկու ոսկեդար ապրած եգիպտահայ համայնքը մինչ օրս էլ իր կարևոր դերն ու նշանակությունն ունի Եգիպտոսի կյանքում: Օտար ափերում մեկ դար ապրած հայությունը միշտ իր գերխնդիրն է համարել մեկ հայրենիք ունենալու գաղափարը: Համահայկական խաղերի ստեղծման առաջին օրերից խաղերի անցկացման և կազմակերպման գործում կարևոր ներդրում ունեցած Պերճ Հալաջյանի խոսքերով՝ Համահայկական խաղերը միշտ հայ երիտասարդներին հայրենիք բերելու, Հայաստան-Սփյուռք կապերն ամրապնդելու լավագույն տարբերակներից են, սպորտն այստեղ պարզապես միջոց է: «Մենք այս ձեռնարկով ևս մեկ անգամ մեր ձայնը լսելի դարձրեցինք աշխարհին, ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ աշխարհի ցանկացած անկյունում էլ, միևնույն է, միասնական ենք և կարող ենք պայքարել մեր արդար դատի համար»,- ասաց Պերճ Հալաջյանը: Սփյուռքը խորհրդանշող ջահը, կտրելով Նեղոսը, հասավ հավերժության հետ մրցակցության մեջ մտած եգիպտական բուրգեր՝ իրենց հետ Հայաստան բերելով հավերժի գաղափարը: