Բավ է պառակտվել
08-10-2015 13:36

Ֆաբիո Կապելոն Հայաստանում ֆուտբոլային նոր նախագիծ կիրականացնի

Իտալացի ֆուտբոլային մարզիչ Ֆաբիո Կապելոն Հայաստանում է։ Նա մասնագիտական խորհուրդներ կտա Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչներին, նախօրեին լրագրողներին հայտարարել է «Բանանց» ակումբի գործադիր տնօրեն, Մոսկվայի «Սպարտակ» ակումբի նախկին գլխավոր տնօրեն Ռոման Ասխաբաձեն։ Նախօրեին հայկական ԶԼՄ–ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Ֆաբիո Կապելոն «Բանանց» ակումբի հրավերով այցելել է Հայաստան` նոր նախագիծ իրականացնելու համար, որի մանրամասները հայտնի չեն։ Ասխաբաձեի խոսքով` Կապելոն իսկապես Հայաստանում է, որտեղ կծանոթանա տեղական ֆուտբոլային ենթակառուցվածքին։ «Մենք ցանկանում էինք լսել նրա կարծիքը, բացատրել նոր նախագծի էությունն ու պրոֆեսիոնալից ստանալ որոշ խորհուրդներ։ Կապելոյին Հայաստան են հրավիրել «Բանանց» ակումբի բաժնետերեր Օլեգ Մկրտչյանն ու Ջևան Չելոյանցը», – նշել է Ասխաբաձեն։ Նա ավելացրել է, որ կքննարկվեն գոյություն ունեցող բոլոր ուղղությունները, ձևավորվել է որոշակի ծրագիր, որին մասնակցում են ոչ միան «Բանանց» ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները, այլ նաև Կապելոյի նման մասնագետները։ «Ինչպես նշել եմ ավելի վաղ, ունենալով նման ենթակառուցվածք` ակումբը պետք է լիներ լավագույնը բոլոր պարամետրերով։ Բնական է, որ դա վերաբերում է և՛ առաջին խմբի արդյունքներին, և՛ երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստվածությանը։ Հուսով եմ, որ հետագայում կկարողանանք ներգրավել այլ մասնագետների, և այդ մասին կտեղեկացնենք ԶԼՄ–ների ներկայացուցիչներին», – ասել է Ասխաբաձեն։ Նրա խոսքով` Կապելոն Հայաստանում մի քանի օր է մնալու։