Բավ է պառակտվել
27-08-2016 09:05

Հայաստանը ցնծությամբ դիմավորեց օլիմպիական հերոսներին (լուսանկարներ, տեսանյութ)

Հայաստանը ցնծությամբ դիմավորեց ուրբաթ լույս շաբաթ գիշերը Ռիո դե Ժանեյրոյից ժամանած Ամառային օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և հերոսներին, որոնց թվում են ոսկե մեդալ նվաճած Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանը (ըմբշամարտ), Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ)։

Թվում է, թե գիշերը Երևանում ոչ ոք քնած չէր։ Բազմաթիվ մարզասերներ և պարզապես շարքային քաղաքացիներ, ովքեր հավաքվել էին օդանավակայանում չվերթի ժամանումից ժամեր առաջ, հսկայական տոնախմբություն կազմակերպեցին։


Մեդալակիր մարզիկների պատվին օդ բաց թողնվեցին սպիտակ աղավնիներ։ Կազմակերպվեց գունեղ հրավառություն։ Ամբոխը ձեռքերի վրա տարավ մարզիկներին օդանավակայանի ողջ տարածքով։

Պաշտոնատար անձանցից մեդալակիրներին եկել էին դիմավորելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, ով բարձր գնահատեց ազգային հավաքականի ձեռքբերումները Օլիմպիական խաղերում։

«Նման հաջողություն մենք երկար տարիներ չէինք ունեցել», – նշեց Ղազարյանը։

Հայաստանը Ռիոյի Օլիմպիադայում ներկայացրեցին ռեկորդային թվով մարզիկներ` 33 մարզիկ 8 մարզաձևերում։ Հայկական հավաքականն ընդհանուր առմամբ նվաճեց չորս մեդալ` մեկ ոսկե և երեք արծաթե` մեդալային հաշվարկում զբաղեցնելով 42–րդ տեղը 206 մասնակից երկրների շրջանում։

Օլիմպիական խաղերի չեմպիոն հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը։ Արծաթե մեդալներ նվաճեցին ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը, ինչպես նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, ով զրկվեց ոսկե մեդալից մրցավարական կանխակալության պատճառով։