Բավ է պառակտվել
07-07-2016 15:12

Դեշամն ընդդեմ Լյովի. Եվրո-2016-ի երկրորդ կիսաեզրափակչի ինտրիգները

«Եվրո 2016»-ի կիսաեզրափակիչ հանդիպումներն ավարտվում են: Վերջին մրցավեճը Գերմանիա- Ֆրանսիա խաղն է, որի հաղթողն եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ: Ներկայացնում ենք Գերմանիա - Ֆրանսիա հանդիպման անոնսը:

Ֆրանսիայի ազգային հավաքական 

«Եվրո 2016»-ում Ֆրանսիայի ընտրանին ամենակայուն ընտրանին է: Դիդյե Դեշամը կարողացել է ստեղծել մի թիմ, որն ամբողջությամբ ցուցադրում է այն խաղը, որը սպասում էին երկրպագուները: Ֆրանսիան տնային առաջնությունում գլխավոր ֆավորիտն է: Այս ճանապարհին կիսաեզրափակիչում նրան ամենաբարդ մրցակիցն է բաժին հասել ի դեմս Գերմանիայի: … Ֆրանսիան «Եվրո 2016»-ն սկսեց դժվարին երկու հաղթանակներով: Ֆրանսիացիների առաջին զոհը Ռումինիան էր, երկրորդը՝ Ալբանիան: Ֆրանսիան վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Շվեյցարիայի ընտրանու հետ: Փլեյ-օֆում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղը առաջին հայացքից պետք է հեշտ տրվեր ֆրանսիացիներին: Սակայն Իռլանդիան խաղասկզբում ավելի ակտիվ գործեց և կարողացավ բացել խաղի հաշիվը: Գրիզմանի ջանքերով Ֆրանսիան բեկեց հանդիպման ընթացը և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քառորդ եզրափակիչում Ֆրանսիայի ընտրանին հանդիպեց Իսլանդիայի հավաքականի հետ: Իսլանդիան՝ «Եվրո 2016»-ի գլխավոր հայտնությունը ոչ մի խոչընդոտ չստեղծեց ֆրանսիացիների համար: Առաջին խաղակեսում արդեն Ֆրանսիան լուծեց բոլոր հարցերը: Ընդամենը 45 րոպեում Գրիզմանն ու ընկերները 4 գնդակ ուղարկեցին Իսլանդիայի դարպասը: Երկրորդ խաղակեսում Իսլանդիան պատվով դուրս եկավ բարդ իրավիճակից և կարողացավ խփել հեղինակության 2 գնդակ, իսկ ահա Ֆրանսիան պատասխանեց ընդամենը մեկ գոլով և ձևակերպեց խաղի վերջնահաշիվը `5-2:

Գերմանիայի ազգային հավաքական:

Բունդեսթիմը «Եվրո 2016»-ում այլևս ոչ մի սարսափ չունի: Ամենաբարդ մրցակիցը, որը կարող էր հանդիպել Գերմանիայի հավաքականին, Իտալիայի ազգային ընտրանին էր: Գերմանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլը, եթե համեմատենք նախորդ մունդիալում ցուցադրած խաղի հետ, ապա մի փոքր խամրել է: Այս պակասը աշխարհի չեմպիոնները լրացնում են նվիրվածության և ֆուտբոլիստների անհատական վարպետության շնորհիվ: Գերմանիայի ընտրանին Ֆրանսիայի հետ դիմակայությանը մոտենում է մեծ կորուստներով: Վնասվածքի պատճառով խաղին չեն կարողանա մասնակցել Սամի Հեդիրան և Մարիո Գոմեսը: Որակազրկման արդյունքում խաղը բաց կթողնի Մատս Հումելսը: … «Եվրո 2016»-ը Գերմանիայի ընտրանին սկսեց Ուկրաինայի հավաքականի նկատմամբ տոնած հաղթանակով: Հաջորդ խաղում Գերմանիան սայթաքեց և ոչ-ոքի խաղաց, սակայն հետագայում կարողացավ կրկին հաղթանակի հասնել: 1/8 եզրափակիչում Գերմանիայի ընտրանու մրցակիցը Սլովակիան էր, որը ստիպված եղավ դարպասից դուրս բերել 3 գնդակ: Քառորդ եզրափակիչում Գերմանիայի ընտրանին տոնեց պատմական հաղթանակ Իտալիայի հավաքականի նկատմամբ: Գերմանիայի հավաքականի համար այս խաղը դարձավ առաջին պաշտոնական հաղթանակը իտալացիների դեմ խաղերում: Հաշիվը բացեց Գերմանիան, հետագայում Իտալիան 11-մետրանոց հարվածի շնորհիվ հավասարեցրեց հաշիվը: Խաղը հասավ մինչև 11-մետրանոց հարվածաշարի, որտեղ ավելի հաջողակ գտնվեց Գերմանիան: Ֆրանսիայի հետ մենամարտը հերթական դժվար փորձությունն է Գերմանիայի համար:

Այսպիսով, հուլիսի 7-ին Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կկայանա Եվրոպայի առաջնության երկրորդ կիսաեզրափակիչը Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականների միջև: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Եվրո-2016, 1/2 եզրափակիչ
Գերմանիա - Ֆրանսիա
Մարսել, «Վելոդրոմ»՝ 23:00
Մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)

Հավանական կազմեր.

Գերմանիա. Նոյեր, Կիմիխ, Բոատենգ, Հյովեդես, Հեկտոր, Կրոս, Ջան, Գյոտցե, Օզիլ, Դրաքսլեր, Մյուլեր

Ֆրանսիա. Լյորիս, Սանյա, Կոսելնի, Ռամի, Էվրա, Կանտե, Մատյուիդի, Գրիզման, Պոգբա, Պայե, Ժիրու