Բավ է պառակտվել
28-10-2015 11:02

ՀՀ-Ալբանիա խաղի մասին հրապարակումն ուղարկվել է 6-րդ վարչություն. Գլխավոր դատախազություն

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ու Ալբանիայի հավաքականների վերջին հանդիպման մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի «Ով ինչ է ուզում ֆուտբոլի Հայաստանի հավաքականից» վերտառությամբ հրապարակումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր` «6-րդ» վարչություն: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից` մանրամասնելով. «ՀՀ գլխավոր դատախազության Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ուղարկվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն՝ հոդվածում նշված հանգամանքները ստուգելու նպատակով»: Հիշեցնենք, որ նշված հրապարակման հոդվածագիրը գրում է. «Ալբանացիները երեք անպատասխան գնդակ ուղարկեցին հայերի դարպասը և պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեցին: Այսօր ալբանական և սերբական մամուլը մեկը մյուսին հղում տալով հայտնում են, որ ալբանացիները հայերին երկու միլիոն են վճարել հաղթանակի համար: Մասնավորապես լուրը տարածել է ալբանական opozita.com կայքը՝ հղում անելով սերբական telegraf.rs կայքին: Միևնույն ժամանակ telegraf.rs կայքը լուրը հայտնել է՝ հղում անելով opozita.com-ին»: