Բավ է պառակտվել
21-02-2014 11:00

Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաղորդում են, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվեն ձմեռային համահայկական առաջին խաղերը`չորս մարզաձևերից. լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, տափողակով հոկեյ և սնոուբորդ: Մարզական այս խոշոր ստուգատեսին Երևանի պատվիրակությունն ակտիվ մասնակցություն է ունենալու: Այդ են վկայում Ծաղկաձորում կազմակերպված ուսումնամարզական հավաքները: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ քաղաքապետարանում ձևավորվել է կազմկոմիտե, որի աշխատանքի արդյունքում մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար ստեղծվել են մարզվելու ու հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ձեռք է բերվել նաև մայրաքաղաքը ներկայացնող մարզիկ-մարզուհիների մասնագիտական և շքերթային հանդերձանքը:
Ի դեպ, տափօղակով հոկեյի Երևանի հավաքական թիմի կազմում ելույթ կունենա նաև քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության մասնագետ Արկադի Նալբանդյանը: Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանի հավաստմամբ՝ ակնկալիքները մարզիկներից շատ մեծ չեն, հաշվի առնելով ձմեռային մարզաձևերի ոչ մեծ տարածվածությունը: Սակայն արվել է հնարավորը`բարձր արդյունքներ ցուցաբերելու համար: Նախնական տվյալներով՝ ձմեռային 1-ին համահայկական խաղերին մասնակցելու համար Հայաստան կժամանեն հայաբնակ 17 քաղաքների մարզական պատվիրակություններ: Համահայկական խաղերը ինչպես մարզական, այնպես էլ Հայաստան-Սփյուռք կապերն էլ ավելի ամրապնդելու նպատակ են հետապնդում: