Բավ է պառակտվել
28-12-2015 13:16

Ըմբիշ Միհրան Հարությունյանը` Տարասկինի հուշամրցաշարի ոսկե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, առաջին Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը ոսկե մեդալ է նվաճել Սերգեյ Տարասկինի միջազգային 23-րդ հուշամրցաշարում: Ինչպես հաղորդում է ՀԱՕԿ–ը, միջազգային հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 26-27-ը Մոսկվայում, հայ ըմբիշը ներկայացել է 71 կգ քաշային կարգում: «Անցկացրել եմ 5 բարդ գոտեմարտ: Հատկապես դժվար էր տրամադրվել մրցաշարին վնասվածքից հետո: Բացի այդ, աշխարհի առաջնությունից գրեթե 4 ամիս էր անցել: Մրցակցությունն այս քաշային կարգում սպասվածից բարձր էր: Բոլոր մասնակիցները միջազգային կարգի սպորտի վարպետներ էին՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ղրիմից, Ուզբեկստանից», – ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հարությունյանը: Նրա խոսքով` միայն եզրափակչում է իրեն հաջողվեց բացարձակ առավելության հասնել մրցակցի նկատմամբ:   «Չեմ ափսոսում, որ որոշել եմ մասնակցել այս մրցաշարին, այն շատ օգտակար էր Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու համար: Առաջիկայում ևս կան մրցաշարեր, որոնց մասնակցելու հարցը կորոշենք Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի հետ»,– ավելացրել է Հարությունյանը։ Նա շնորհակալություն է հայտնել իր անձնական մարզիչ Ռուբեն Թաթուլյանին, մարզիչներ Արամ Սարգսյանին և Սամվել Գևորգյանին: «Հաղթանակս նվիրում եմ աղջկաս՝ Մոնիկային», – եզրափակել է Հարությունյանը։