Բավ է պառակտվել
21-10-2016 14:58

Օլիմպիական մեդալակիր Միհրան Հարությունյանի վիրահատությունը հաջող է անցել

Հունահռոմեական ոճի հայազգի ըմբիշ, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գերմանացի բժշկին հաջող վիրահատության համար։

«Վիրահատությունը բարդ էր, սակայն անցավ հաջող։ Շնորհակալ եմ բժիշկ Հերդտ Բաումերին և նրա թիմին պրոֆեսիոնալ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին` Գերմանիայում վիրահատության իրականացման հարցում աջակցելու համար», – գրել է Հարությունյանը «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում։

Ըմբիշը շնորհակալություն է հայտնել նաև իր ընկերոջը` Արսեն Բադալյանին, ով գտնվել է նրա կողքին և աջակցել։

«Շնորհակալ եմ Ուկրաինայում ՀՀ դեսպանատան հյուպատոս Նորիկ Գևորգյանին Կիևի օդանավակայանում ծագած խնդիրն արագ լուծելու համար։ Շնորհակալ եմ նաև Հենրիխ Մխիթարյանին Ֆրանկֆուրտում ցուցաբերած ուշադրության համար։ Շնորհակալ եմ բոլորին, ով գրել է և սատարել սոցիալական ցանցերում, ես դա, իսկապես, գնահատում եմ», – գրել է Հարությունյանը։

Ամառային օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը վիրահատվել է Գերմանիայում հոկտեմբերի 19–ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հարությունյանը մասնակցել է խաղերին` ունենալով լուրջ վնասվածք, և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կհոգա մարզիկի վիրահատության հետ կապված բոլոր ծախսերը։

Հարությունյանը զրկվեց օլիմպիական «ոսկուց» կանխակալ մրցավարության պատճառով։ Եզրափակչում, գրեթե բոլոր մասնագետների կարծիքով, օլիմպիական «ոսկին» անարդարացիորեն հանձնվեց Հարությունյանի մրցակցին։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ մրցամարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ փուլում մեկ միավոր շնորհեց Շտեֆանեկին այն պատճառով, որ Հարությունյանն իբր պասիվ է եղել։