Բավ է պառակտվել
27-08-2016 10:44

Երկրպագուները Միհրան Հարությունյանին ստիպեցին փոխել իր որոշումը

Ինչպես արդեն Gisher.news-ն նշել էր, օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը վերադարձավ Երևան։ Հպարտություն, որը պարգևել էին այս տղաները՝ քրտնաջան մարզումների ու Ռիոյում փայլուն ելույթների շնորհիվ։ 
Սրտաշարժ էր հատկապես Միհրան Հարությունյանի դիմավորումը։ Օլիմպիական ոսկե մեդալը մրցավարական միտումնավոր աշխատանքի արդյունքում կորցրած մարզիկը դեռ Ռիոյում հայտարարել էր, որ այլևս չի ցանկանում մնալ սպորտում, այնքան խորն էր նողկանքն այն մարդկանցից, ովքեր արհեստական խոչընդոտներ են ստեղծում իր ճանապարհին ու չեն թույլատրում չեմպիոն դառնալ։ Երկրպագուները «Միհրան՝ չեմպիոն» հայտարարություններով պարզապես արձանագրեցին, որ նա արդեն ոսկե մեդալ է բերել իրենց ու երկրին, և այդ վերաբերմունքը չէր կարող չհուզել հայ մարզիկին։ Հայ երկրպագուն իր մարզիկին ստիպեց չեղյալ հայտարարել սպորտից հեռանալու մասին որոշումը։ Ինչպես հետո խոստովանեց Միհրանը, նման ընդունելությունից հետո ինքը չի կարող հենց այնպես հեռանալ ու նոր ուրախություն չպարգևել հայ ժողովրդին։ Մաղթենք նրան, որ այսուհետ «չար ու սև ուժերն» անհետանան նրա ճանապարհից, և ոսկյա հաղթարշավը Միհրանին ուղեկցի նրա ողջ պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում։ Անկասկած, նույնն է նաև ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը. նա ոսկե մեդալ նվիրեց Միհրան Հարությունյանին, և նրա անունը հայկական սպորտի տարեգրության մեջ կնշվի որպես օլիմպիական խաղերի չեմպիոնի։
Փառքի ճանապարհը միշտ անցնում է անդունդի եզրով։ Ոչինչ չի տրվում հենց այնպես։ Հայկական օլիմպիական քառյակն իր ճանապարհն անցավ առանց գլխապտույտի և արժանիորեն բարձրացավ պատվո պատվանդան։ Նրանց հաղթական երթը պետք է ոգևորի ու նոր ճանապարհ բացի մեր մյուս մարզիկների, նաև նրանց համար, ովքեր դեռ նոր պետք է հայտնվեն մեծ սպորտում։ Միայն պետք է տեր կանգնել սեփական հաղթանակներին, ձգտել, որ ներդրվեն այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք շարունակական կդարձնեն Մեր հաղթանակները։
Այսօր բոլորս միասին նշեցինք Մեր հաղթանակը, և այսօրվանից սկսվում է նախապատրաստությունը «Տոկիո-2020»-ին։