06-08-2016 08:58

Բեռլուսկոնին պայմանագիր է կնքել «Միլան» ակումբը վաճառելու մասին

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է իրեն պատկանող «Միլան» ֆուտբոլային ակումբը չինական համընկերությանը (կոնսորցիում) վաճառելու մասին նախնական պայմանագիրը:

Այս մասին տեղեկացրել է «Միլան» ակումբի նախագահի և սեփականատիրոջ ընտանեկան հոլդինգը: Չինական ընկերության անվանումը դեռ չի նշվում:

Պայմանագրի համաձայն` «Միլան» ակումբը գնահատել են 740 մլն եվրո`220 մլն եվրո գնահատված պարտքով: Գործարքն ավարտին կհասցվի մինչև 2016-ի վերջը: Չինական կողմը պարտավորվել է 100 մլն եվրոյի կանխավճար տրամադրել և 350 մլն եվրո ներդնել ակումբում երեք տարվա ընթացքում:

Հայտնի է, որ համընկերության կազմում, որը դառնալու է միլանյան ակումբի նոր սեփականատերը, ընդգրկված են Haixia Capital և State Development and Investment Corporation ընկերությունները: Չինական կողմի հետ վաճառքի շուրջ բանակցություններն սկսվել էին դեռևս մայիսին:

Բեռլուսկոնին միլանյան ակումբը ձեռք էր բերել 1986-ին` փրկելով այն սնանկացումից: