26-07-2016 14:07

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականը զրկվել է Ռիո-2016-ին մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից ամերիկյան Հյուսթոն քաղաքում 2015 թվականի աշխարհի առաջնության նորացված արդյունքների հրապարակումից հետո պարզ է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է ծանրամարտի օլիմպիական բոլոր լիցենզիաներից: Ադրբեջանից հետ են վերցրել աշխարհի անցյալ տարվա առաջնության արդյունքներով խթանիչներ օգտագործած վեց ծանրորդների միավորները: Արդյունքում տղամարդկանց օլիմպիական աղյուսակում Ադրբեջանը 16­րդ տեղից իջել է 31­րդ տեղը, ինչի համար այդ երկրին Ռիոյում 2016 թվականի Օլիմպիադայի մասնակցության թույլտվություն չի հասնում, քանի որ քվոտաները ստանում են միայն 24 լավագույն երկրները:

Ռիոյի Օլիմպադա չեն մեկնի նաև Ադրբեջանի կին ծանրորդները, որովհետեւ կանանց ցուցակում Ադրբեջանը զբաղեցնում է 26­-րդ տեղը:

Ադրբեջանի ծանրամարտի հավաքականի 6 անդամ անցյալ տարի նոյեմբերին ԱՄՆ­ում անցկացված աշխարհի առաջնության արդյունքներով 8 տարի ժամկետով որակազրկվել են խթանիչներ օգտագործելու համար: Որակազրկվածների թվում են նաեւ արտասահմանից հրավիրված մարզիկներ Վալենտին Խրիստովը եւ Բոյանկա Կոստովան, ինչը նշանակում է, որ նրանք չեն կարող մասնակցել Ռիո­-2016 Օլիմպիական խաղերին, որոնց մեդալներ նվաճելու հետ մեծ հուսեր էր կապում Ադրբեջանը:

Ադրբեջանցի ծանրորդներն արդեն առաջին անգամը չէ, որ զանգվածային որակազրկման են ենթարկվում: 

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բոյանկա Կոստովան և Ինթիգամ Զաիրովը նույնպես չեն հանձնել խթանիչների կիրառման վերստուգման թեստը, որը նրանք հանձնել էին 2012թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ: Դա նշանակում է, որ Ադրբեջանի հավաքականը, հավանաբար, կզրկվի Ռիոյում նաև աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Բոյանկա Կոստովայից, որը կարող է 4 տարով որակազրկվել:

2014-ի մարտին և ապրիլին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որակազրկեց Ադրբեջանի դրոշի տակ հանդես եկող 18 ծանրորդի: Նրանք բոլորը խթանիչներ էին օգտագործել: Բացի այդ, Ադրբեջանի ֆեդերացիան տուգանվեց կես միլիոն դոլարով:

Ադրբեջանական ԶԼՄ­-ները հայտնում են, որ բարձրակարգ սեփական մարզիկներ չունենալու պատճառով Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադային կմասնակցի մի թիմով, որում 70 տոկոսից ավելին արտասահմանյան երկրներից հրավիրված մարզիկներ են: Ադրբեջանի երիտասարդության եւ սպորտի նախարարությունն արդեն հայտնել է 45 մարզիկների անունները, որոնք պետք է Ադրբեջանը ներկայացնեն Ռիոյում Օլիմպիական խաղերում: