16-08-2016 17:51

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը ևս կիսաեզրափակիչում է

Աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշայինների պայքարի կիսաեզրափակիչի ուղեգիր:

Երկրորդ գոտեմարտում գյումրեցի ըմբիշը ժամանակից շուտ առաջին մրցափուլում 8:0 հաշվով առավելության հասավ ռումինացի Ալին Ցիուրարուի նկատմամբ: Գոտեմարտը տեւեց 2 րոպե 11 վայրկյան: Կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը կհանդիպի թուրք Չենկ Իլդեմին, որը պայքարից դուրս թողեց Ռուսաստանը ներկայացնող Իսլամ Մոգամեդովին:


1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր իտալացի 30-ամյա Դաիգորո Տիմոնչինիին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի նախորդ առաջնության եզրափակիչում Արթուր Ալեքսանյանին հաղթած ռուս Նիկիտա Մելնիկովը չի մասնակցում Ռիո-2016-ին, իսկ 98 կգ քաշային կարգում Ռուսաստանը ներկայացնում էր Իսլամ Մոգամեդովը, որը լքեց պայքարը: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային մյուս ենթախմբում է:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտել նաեւ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանը, որը մեկնարկային գոտեմարտում 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթել էր եգիպտացի Ահմեդ Կահկին, իսկ քառորդ եզրափակիչում 2:1 հաշվով ուժեղ էր գտնվել հարավկորեացի Հանսու Ռյուից՝ դուրս գալով կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգրի համար Միհրան Հարությունյանը կպայքարի ադրբեջանցի Ռասուլ Չունաեւի հետ:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը: